ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում բացվեց ՄԱԿ-ի անկյունն ու նշվեց իսպաներենի օրը
11.10.2012
Այսուհետ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ ՄԱԿ-ի գործունեությանը, արժեքներին և Հայաստանում կազմակերպության ծավալած աշխատանքներին:
Մանկավարժական համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատության վարչության միջև կնքվեց համագործակցության ծրագիր. բուհի ընթերցասրահում բացվեց ՄԱԿ-ի անկյունը, որտեղ ներկայացված են ՄԱԿ-ի ավելի քան հազար անուն հրատարակություններ և մուլտիմեդիա նյութեր:
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և ուրախ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Այն կօգնի երիտասարդներին ներգրավվել ՄԱԿ-ի աշխատանքներում և զարգանալ կայուն»,- նշեց համալսարանի գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը:
Վերջինս վստահ է` համագործակցությունը հնարավորություն կտա կազմակերպել բանախոսություններ, հետազոտություններ և ծավալել համագործակցային ծրագրեր եվրոպական արժեքների ամրապնդման ուղղությամբ:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն վստահեցրեց`իսպաներեն լեզվի իմացությունը հայերի համար նոր սահման կբացի դեպի իսպանալեզու մշակույթ` օգնելով նրանց լինել աշխարհի քաղաքացիներ.«Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ այն լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ներգործում են մեր մտածողության և գործելակերպի վրա: Դրանք օգնում են առավել կարևորել ՄԱԿ-ի բազմալեզվությունն իր բազմաբարդ օրակարգի իրականացման` խաղաղության, բազմազանության և միջմշակութային երկխոսության խթանման հարցում»:
Պաշտոնական մասին հաջորդեց ՄԱԿ-ի վեց լեզուներից մեկին`իսպաներենին նվիրված միջոցառումը, որին ներկա էին Հայաստանում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարեզ Ռիվերան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ուսանողներ և դասախոսներ:
Ներկաներին ողջունեցին ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Հայրյանն ու Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դոնարա Ղազարյանը:
Արգենտինայի դեսպանը, խոսելով ՄԱԿ-ի օրակարգի իրականացման հարցում իսպաներենի ներդրման մասին, հորդորեց երիտասարդներին սերտել այդ լեզուն:
Իսպանիայի ազգային օրվա և իսպանալեզու մշակույթի տրամադրությամբ համերգային հատվածում հանդիսատեսը վայելեց իսպանական հոգևոր երաժշտություն, պարեր և ֆլամենկո:
Նշենք, որ «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2010 թվականից, որը նպատակ ունի խթանել լեզվական և մշակութային բազմազանությունը: