Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց բուհի 10 ֆակուլտետների գիտության գծով

դեկանների տեղակալների և ամբիոնների վարիչների հետ:
Հանդիպման ընթացքում Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանն անդրադարձավ Համալսարանի 90-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին:
Վերջինս ներկայացրեց գիտական հոդվածների ձևաչափը, դրանց պահանջները, ինչպես նաև մանկավարժականից և այլ բուհերից ստացված հոդվածների քանակը:
Ներկայացվող հոդվածների վերջնաժամկետ նշանակվեց հոկտեմբերի 19-ը:
Համալսարանի ֆակուլտետներում, համահամալսարանական ամբիոններում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման բարեփոխումների և կառուցվածքային փոփոխությունների նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սիմա Վարդանյանը:

Վերջինս նշեց, որ նույն բացթողումներն ու խնդիրներն առկա են համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետներում և ամբիոններում.«Այս ուսումնասիրության նպատակն էր պարզել` արդյո՞ք գիտական թեմաները հաստատվել են գիտխորհրդի կողմից, դրանց քաղվածքները համապատասխանո՞ւմ են ամբիոնի կամ ֆակուլտետի արձանագրություններին, կա՞ գիտական ղեկավարի և հայցորդի աշխատանքային պլան և մի շարք այլ հարցեր»:
Ասպիրանտուրայի բաժնի վարիչը նկատեց, որ նման ուսումնասիրություն համալսարանում կատարվում է առաջին անգամ և տեղեկացրեց, որ կրելու է շարունակական բնույթ:
Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը վստահեցրեց` մանկավարժականում գիտական ակտիվ գործունեությունը դառնալու է ամենակարևոր գործոններից մեկը:
Նա հիշեցրեց, որ Համալսարանում վերջի 5 տարիների ընթացքումթափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, որի կարևով չափորոշիչներից է գիտական գործունեությունը:
Պրոռեկտորը նաև վստահեցրեց` աշխատանքային բազմամյա փորձը չի կարող ավելի նախապատվելի լինել, քան կատարած գիտական աշխատանքը, ապա հավելեց` երիտասարդ տարիքը գիտական գործունեության ծավալման դեպքում ևս անջրպետ չէ: