ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՙԹուրքիայի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը՚
12.10.2012
ՙՑեղասպանության ճանաչո՞ւմ, թե արդարության հետապնդում՚ թեմայով բացառիկ դասախոսությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդես եկավ ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի ՙԿալիֆորնիա կուրիեր՚ շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Դասախոսության ընթացքում նա խոսեց հայոց ցեղասպանության, դրա ճանաչմանը, կորցրած տարածքների և վնասների հատուցման մասին: Բանախոսն անդրադարձավ նաև ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերի ճակատագրին, նշելով, որ ցեղասպանություն վերապրողների հետագա սերունդների` իրենց հայրենիք վերադառնալու երազանքն այդպես էլ չիրականացավ և նրանք մշտապես մնացին աքսորի ճանապարհին:
ՙՀայոց ցեղասպանության ճանաչումը և նույնիսկ անտեսումը չպետք է դյուրացնի կամ խափանի դրա քննարկումը միջազգային դատարանների կողմից: Մենք մեր պատմական իրավունքները պետք է հետապնդենք իրավական ուղիներով` եվրոպական, միջազգային դատարանների միջոցով՚,- ընդգծեց նա:
Դասախոսության ավարտից հետո ուսանողներն ու դասախոսները Հարութ Սասունյանին ուղղեցին մի շարք հարցեր:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նա նկատեց. ՙԻմ կարծիքով, դրանք վնասակար են հայ ժողովրդի շահերին և մեր պահանջատիրությանը: Ամեն ինչ արել եմ, որ այդ արձանագրությունները չվավերացվեն, և այսօր կարող եմ ասել` բախտավոր ենք, որ Թուրքիան չվավերացրեց այն և վերջինի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը՚:
Իսկ հարցին, թե արդյո՞ք հակադրվելով այդ արձանագրություններին` չենք վտանգում ՀՀ ազգային անվտանգությունը`բանախոսը նշեց. ՙՀակառակը, դեմ լինելով այդ արձանագրություններին մենք պաշտպանում ենք Հայաստանի անվտանգությունը: Համաձայն եմ, որ Թուրքիայի հետ ստեղծվեն որոշ հարաբերություններ, սակայն դեմ եմ տվյալ արձանագրություններում առկա ձեւակերպումներին: Կարծում եմ, որ մեզ օգտակար արձանագրությամբ պետք է Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որի արդյունքում էլ կբացվեն սահմանները՚:
Ցեղասպանության ճանաչման խնդրում արդյո՞ք Հայաստանը և Սփյուռքը արդյունավետ են աշխատում՝ հարցին ի պատասխան Սասունյանն ասաց. ՙԴեռևս բացթողումներ կան, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որի արդյունքում նոր կարելի է սկսել որևէ դատական գործընթաց՚: Ի դեպ, Հարություն Սասունյանը առաջարկում է ստեղծել 350 պատգամավորից բաղկացած սփյուռքի խորհրդարան և կոորդինացնել սփյուռքի գործունեությունը:
Լինելով սիրիահայ` Հարութ Սասունյանը գնահատեց նաև ներկա իրավիճակը թուրք-սիրիական հարաբերություններում: Նա իրատեսական չի համարում Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, և այն դիտարկում է որպես ՙվախեցնող քայլ՚: Ըստ բանախոսի, Թուրքիան չի ծրագրում պատերազմել, քանի որ գիտակցում է հետևանքների լրջությունը. ՙԹուրքիան ուզում է առանց պատերազմի` վախեցնելով և ճնշելով, հասնել իր նպատակին՚: