«Իր բոլոր հոդվածներում և հրապարակախոսական ելույթներում նա պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերադարձնել կորցրած տարածքներն ու հատուցել վնասները:
Մարդ, ով առաջարկում է ստեղծել սփյուռքի 350 պատգամավորներից բաղկացած խորհրդարան և կոորդինացնել սփյուռքի գործողությունները»,- գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն այսպես ներկայացրեց Մանկավարժականի այսօրվա հյուրին:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները հանդիպեցին հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Միացյալ հայկական ֆոնդի նախագահ և Լինսի հիմնադրամի փոխատենապետ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանին:
Հարութ Սասունյանը պատմական փաստերի միջոցով վերլուծեց 1915 թվականից մինչ օրս ցեղասպանության ճանաչման ուղին, ապա անդրադարձավ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրին ու դրա հետևանքներին:
«Ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին աշխարհով մեկ՝ զրկվելով ամեն ինչից: Դժբախտաբար չարդարացան աքսորված հայերի այն հույսերը, թե եվրոպական քրիստոնյա երկրները կօգնեն վերականգնել իրենց իրավունքները: Հայերի համար գերխնդիր դարձավ գոյատևումը. քաղաքական պահանջատիրության և իրենց իրավունքներին վերատիրանալու համար նրանք չունեցան անհրաժեշտ միջոցներ»,-ասաց Հարութ Սասունյանը:
Վերջինս անդրադարձավ 1965 թվականից հետո ծավալված այն մեծ պայքարին, որի նպատակն էր քանդել հայերի դեմ կատարված ցեղասպանությունը քողարկող մեծ պատը:

Հրապարակախոսը հիշեցրեց, որ երբ պետությունների ճանաչված առաջնորդները, համաշխարհային լրատվամիջոցները և միջազգային կազմակերպությունները սկեսցին ճանաչել հայոց ցեղասպանությունը, թուրքերը սպառնացին և սկսեցին կաշառել այդ պետություններին:
Նա անդրադարձավ հատկապես Ամերիկայի դիրքորոշմանը՝ ցավով նշելով, որ Բարակ Օբաման Ցեղասպանություն բառից խուսափելու համար վերակենդանացրեց «Մեծ եղեռն» բնութագրումը. ԱՄՆ-ը չի ճանաչել ցեղասպանությունը, սակայն փաստ է, որ 43 նահանգների օրենսդիր մարմինները որդեգրել են այն ճանաչող բանաձևեր :
Որպես իրավական հիմք՝ Հարութ Սասունյանը մեջբերեց Ամերիկյան կառավարության՝ Արդարադատության միջազգային դատարանին ուղղված այն փաստաթուղթը, որում հայերի դեմ կատարվածը որակվում է որպես ցեղասպանություն:
Անդրադառնալով տարբեր երկրների՝ հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրին, Սասունյանը վստահեցրեց՝ Հայոց ցեղասպանությունը դարձել է միջազգայնորեն ճանաչված իրողություն և այն պետությունները, որոնք չեն ճանաչել այն, դա արել են ոչ թե բավարար փաստեր չունենալու, այլ Թուրքիայի տնտեսական շահերի համար:
ՙՄենք այլևս ցանկություն չունենք աշխարհին համոզելու, որ կատարվածը ցեղասպանություն է, սակայն մեզ համար բավարար չէ հպանցիկ ներողամտության հայցը և անհետևանք ճանաչումը: Իրողությունն այն է, որ տարբեր երկրների ու խորհրդարանների ընդունած բազմաթիվ բանաձևեր չունեն օրենքի ուժ, հետևաբար՝ ոչ մի իրավական հետևանք:
Առանց սպասելու որևէ հավելյալ ճանաչման՝ մենք կարող ենք իրավական ուղիներով հետապնդել մեր պատմական իրավունքները»,- ասաց Հարութ Սասունյանն ու իր ելույթն ավարտեց հետևյալով. ՙհայ ժողովուրդը ցեղասպանությունը ճանաչելուց բացի պահանջում է արդարություն և իրավունք՝ վերստանալու համար իր կորցրած պատմական հողերը՚:
Պատվավոր հյուրին ողջունեց նաև Մանկավարժական համալսարանի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանում էլ Մեծ եղեռնի հիմնահարցերը պատմագետների ուսումնասիրությունների առանցքում են և որպես հանդիպման խորհրդանիշ՝ նրան նվիրեց բուհի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Կարապետյանի հեղինակած «Հայոց Մեծ Եղեռնի պատմության հիմնահարցերը պատմագրության մեջ» գիրքը: