Արհեստական շնչառություն, սրտի մերսումներ, կոտրվածքների անշարժացում, վիրակապում. այս և այլ հմտությունների այսուհետ կտիրապետի Մանկավարժական

համալսարանիյուրաքանչյուր ուսանող:
Նրանք ձեռք են բերել տեսական գիտելիքներն ամրապնդելու բացառիկ հնարավորություն. բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ Առաջին բուժօգնություն առարկայի շրջանակում գործնական պարապմունքներն անցկացվելու են Նոր Նորքի Շտապօգնության հիվանդանոցում:
Առաջին անգամ օլիգոֆրենոմանկավարժության 1-ին կուրսի 30 ուսանող դիդակտիկ պարագաների կիրառման միջոցով գործնականում իրականացրեց առաջին բուժօգնություն:
Գործնական պարապմունքներն անցկացնում էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Շտապօգնության և անհետաձգելի բժշկության ամբիոնի ասիստենտ Իրինա Սարգսյանն ու Մանկավարժական համալսարանի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Գրիգորյանը:
Վերջինս հավաստիացրեց՝ գործնական պարապմունքները հիվանդանոցում կնպաստեն, որ արշավների կամ արտակարգ իրավիճակների դեպքում ուսանողներն ավելի արագ կողմնորոշվեն՝ ցուցաբերելով առաջին բուժօգնություն:
