ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լև Տոլստոյի գրական ժառանագությունն ու ստեղծագործության ընկալման խնդիրները
15.10.2012
Սեպտեմբերի 11-ին Բանասիրական ֆակուլտետի Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանի նախաձեռնությամբ կայացավ «Լ.Ն.Տոլստոյ. ստեղծագործության և ընկալման խնդիրները» թեմայով գիտաժողով:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ՀՊՄՀ Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն այն համարեց բուհի կյանքում հերթական կարևոր իրադարձությունը: Ապա համառոտ ներակայացրեց Լև Տոլստոյի կենսագրությունը, նրա գրական հարուստ ժառանգությունն ու խոսեց վերջինիս համաշխարհային հռչակի մասին:
Գիտաժողովին ներկա էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Նատալյա Երյոմենկոն և Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գուրգեն Բարիկյանը:
Նատալյա Երյոմենկոն կարևորեց Լև Տոլստոյի ստեղծագործությունները ժամանակակից պրիզմայով դիտարկելը. «Մենք հաճախ ենք այցելում Մանկավարժական: Մեր միջև եղած համաձայնագրի շրջանակում տարվող աշխատանքները բավական արդյունավետ եմ գնահատում: Այս գիտաժողովն ունի առանձնակի կարևորություն. վստահ եմ`այսօրվա զեկույցները կդառնան նոր, հետաքրքիր թեմաների սկիզբ»:
Գուրգեն Բարիկյանի համար Մանկավարժականը հարազատ բուհ է. այստեղ աշխատել է շուրջ 22 տարի: Վերջինս ուրախ է, որ գիտաժողովը նվիրված է համաշխարհային հսկաներից հենց Տոլստոյին և որ այն անցկացվում է ռուսերենով:
Համալսարանի 90-ամյակին նվիրված գիտաժողովն ընթացավ երկու սեկցիաներում` «Լ.Տոլստոյի գեղարվեստական աշխարհը և նրա ստեղծագործությունների թարգմանության խնդիրները» և «Լ.Տոլստոյն ու համաշխարհային մշակույթը»:
Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսները հանդես եկան զեկուցումներով, որոնք նվիրված էին Տոլստոյի արվեստի բազմասպեկտ ուսումնասիրությանը, նրա ստեղծագործությունների թարգմանություններին, համաշխարհային մշակույթում և ժամանակակից քաղաքակրթությունում նրա դերակատարմանը:
Առաջին սեկցիայի աշխատանքները սկսվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Թադևոսյանի «Լ.Տոլստոյից առաջին հայերեն թարգմանության և գրողի եռագրությանը նվիրված այլ անդրադարձների մասին» թեմայով զեկույցով:
Նրան հաջորդեցին բանասիրական գիտությունների թեկնածու Իննա Սարկիսյանի`«Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» դրամայի գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները» և մագիստրոս Լուսինե Օհանյանի Լ.Տոլստոյի` «Աստված ճշմարտությունը տեսնում, բայց ուշ է հայտնում» թեմաներով զեկույցները:
Երկրորդ սեկցիայի աշխատանքները մեկնարկեց բանասիրական գիտությունների թեկնածու Ստելլա Նուրալովայի զեկուցմամբ: Վերջինս ներկայացրեց «XIX դարի անգլիական կին վիպասանների ստեղծագործությունները Լ.Տոլստոյի ընկալմամբ» թեման:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելինե Գիլավյանը հանդես եկավ «Լ.Տոլստոյը և մանկական ընթերցանության խնդիրները», իսկ բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Բեջանյանը` «Մահվան մոտիվը Լ.Տոլստոյի և Է.Հեմինգուեյի ստեղծագործություններում» թեմայով:
Տոլստոյի կերպարների միջոցով անդրադարձ վախի, թերարժեքության, մեղքի, մեղավորության բարդույթներին ու դրանց պատճառով հերոսների ողբերգական վախճան. այս ուսումնասիրությունը կատարել էր Մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, արտասահմանյան գրականության հայցորդ, առաջին սեկցիայի մասնակից Գայանե Վարդազարյանը: Նա Աննա Կարենինայի կերպարի միջոցով փորձել է բացահայտել մարդու հոգեբանական դրսևորումը, զարգացումը, անհատի ձևավորումն ու բարդույթի դրսևորումը:
Արտասահմանյան գրականության մասնագետը վստահ է` այս զեկույցը հնարավորություն կտա ուսանողներին առավել խորը ուսումնասիրել և վերլուծել ստեղծագործություններն ու մոռանալ սյուժեին ուղղակիորեն հետևելու ավանդույթը:
«Թեման կօգնի ուսանողներին հասկանալ, ներել, չմեղադրել և, ի վերջո, ուսումնասիրել սեփական անձը: Մեզնից յուրաքանչյուրն ունի բարդույթներ. դրանք հասկանալը կառավարելի են դարձնում սեփական քայլերն ու օգնում ավելի քիչ սխալներ գործել»,-հավելեց Գայանե Վարդազարյանը:
Գիտաժողովի մասնակիցները նշեցին` Հայաստանում ռուս մեծ գրող Լև Տոլստոյի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ունի խոր արմատներ: Այս գիտաժողովը ևս մեկ անգամ հաստատեց նրա մեծությունն ու գեղարվեստական ժառանգության անսպառ լինելը:
Ի դեպ, գիտաժողովի թեմաների հիման վրա հրատարակվել է «Լ.Ն.Տոլստոյ. ստեղծագործության և ընկալման խնդիրները» անվանումով գիտական հոդվածների ժողովածուն: