ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականին շնորհավորում են ուսանողները
16.10.2012
Ազգագրական, ժողովրդական երգերի շարան, ժամանակակից ռիթմով սիրված էստրադային երգեր և պարեր. Մանկավարժականի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմն այսօր հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ վայելել բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված հերթական տոնական միջոցառումը:
Մանկավարժականի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներ ու շրջանավարտներ, տարբեր մրցույթների հաղթողներ Մհեր Գալստյանը, Սամսոն Պանյանը, Մարիամ Մովսիսյանը, Դավիթ Հակոբյանը, Ժորա Հակոբյանը, Անահիտ Սարգսյանը, Մերի Քանքանյանն ու Ժիրայր Ավագյանը եկել էին շնորհավորելու հարազատ բուհի հոբելյանը:
Համերգին իրենց մասնակցությունն էին բերել նաև դափնեկիր երգիչ-երգչուհիներ Եվա Եգանյանը, Նարեկ Ավետիսյանը, Երգի պետական թատրոնի շրջանավարտներ Մարիամ Մելիք-Բախշյանը, Էմիլի Ղուկասյանը, Անահիտ Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներն ու ապագա մանկավարժները համերգավարներ, մանկավարժականի նախկին ուսանողներ Արտավազդ Ամիրյանի և Լուսինե Փիրոյանի միջոցով ծանոթացան բուհի պատմությանն ու տարբեր բնագավառներում մեծ համբավ և ճանաչում վայելող շրջանավարտներին:
«Այս համերգը համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքից էր: Մենք ունենք տաղանդավոր ուսանողներ և հզոր ձայներ: Սա ապագա մանկավարժների գեղագիտական ճաշակը զարգացնելու ձևերից մեկն է: Հպարտ եմ, որ երկար տարիներ դասավանդելով այս բուհում` այժմ հնարավորություն ունեմ «Մշակույթի կենտրոն»-ի միջոցով ուսանողներին ծանոթացնել բարձրաճաշակ մշակույթին»,-համերգի ավարտին նշեց կենտրոնի տնօրեն, համերգի կազմակերպիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը:
Ի դեպ, հոկտեմբերի 17-ին Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կրկին կհնչի ամերիկյան, եվրոպական և հայկական պոպուլյար սիմֆոնիկ երաժշտություն: ՀՊՄՀ 90-ամյակի միջոցառումների շարքում համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի նվագավարությամբ: