«Մանկավարժական համալսարանի ուսանողները ընկալում և սպասում են մեր նվագախմբի մատուցած սիմֆոնիկ երաժշտությանը»,- այսօր կայացած համերգից հետո այս համոզմունքը

հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
Նվագախումբը դեռ մեկ տարի առաջ մշակել էր հստակ ծրագիր. դասական երաժշտությունը ուսանողներին մատչելի դարձնելու համար նրանք համերգներով հանդես են գալիս հայաստանյան բուհերում:
Անդրադառնալով այդ նախաձեռնությանը՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ սիմֆոնիկ երաժշտությանը հաղորդակից լինելը կարևոր է բոլորի, հատկապես՝ արվեստի բուհերի ուսանողների համար. միշտ էլ հաճելի է ելույթ ունենալ այն հանդիսատեսի համար, որը հասկանում և սիրում է դասական երաժշտությունը:
Նույն ծրագրի շրջանակում Երտասարդական նվագախումբը համերգներ է ունեցել 8 բուհերում, այդ թվում ՝ Մանկավարժական համալսարանում:
Կրկին Մանկավարժականում հյուրընկալելու առիթն այլ էր. նվագախումբն իր համերգով շնորհավորեց բուհի հիմնադրման 90-ամյակն ու կատարեց այն բոլոր ուսանողների խնդրանքը, ովքեր մեծ ցանկություն էին հայտնել մեկ անգամ ևս ներկա գտնվել նրանց համերգին:

«Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից ես համոզվեցի, որ նրանք գնահատում են դասական երաժշտությունը՝ հասկանալով նրա բարձր ու կարևոր դերը: Բուհերում ունեցած ելույթներից հետո պարզ դարձավ, որ մեր համերգների հիմնական հանդիսատեսը հենց այդ համալսարանների ուսանողներն են»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:
Համերգին հնչեցին ամերիկյան, եվրոպական և հայկական հանրահայտ ստեղծագործություններ՝ Ֆրից Կրեյսլերի «Փոքրիկ վիեննական քայլերգ», Ջակոմո Պուչինիի «Քրիզանթեմներ», Յոհան Շտրաուսի «Պիցիկատո-պոլկա», Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերները:
Հանդիսատեսին սպասվում էր հաճելի անակնկալ. նվագախումբը կատարեց հանրահայտ «Առաքելություն», «Ռոմեո և Ջուլիետ», «Շինդլերի գրառումները»,«Մեկ անգամ Ամերիկայում», «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ», «Կնոջ բույրը» և «Կնքահայրը» ֆիլմերի սիրված երաժշտությունները:
Բարձրաճաշակ երաժշտության գրագետ մատուցման համար հանդիսատեսը նվագախմբին ճանապարհեց բուռն ծափահարություններով և հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով: