Մայրաքաղաքի դպրոցների և նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենները Մանկավարժական համալսարանում բուհի ղեկավարության մասնակցությամբ քննարկեցին

ուսումնական հաստատություններում Սկզբնական կրթության ֆակուլտետի 1-ին կիսամյակի մանկավարժական պրակտիկայի արդյունքները, ընթացքը. մշակվեցին դրանց զարգացման հեռանկարները:
Իր ձևաչափի մեջ առաջին անգամ անցկացվող կլոր սեղանի ընթացքում ՀՊՄՀ Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց բուհի նոր ռազմավարությունն ու ուսումնական պլանների վերանայման կարևորությունը` նշելով պրակտիկայի դերակատարման և նորովի անցկացման անհրաժեշտությունը:
«Պրակտիկան ապագա մանկավարժի` մասնագիտանալու հիմնական բաղադրիչն է: Նախատեսվում է ավելացնել պրակտիկայի ժամաքանակը. շուտով պատրաստ կլինի նաև պրակտիկայի նոր փաթեթը: Պետական ավարտական քննություններին ևս կարևորվելու է պրակտիկայի գնահատականը: Կստեղծվեն հանձնաժողովներ, որոնք կհետևեն այդ աշխատանքներին»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանը:
Թե ինչպե՞ս կանցկացվի պրակտիկան մագիստրատուրայում, պրոռեկտորը դժվարանում է ասել, բայց վստահ է` այն կկրի գիտահետազոտական բնույթ:
Կրթական հաստատությունների տնօրենները իրենց զարմանքն ու գոհունակությունը հայտնեցին մանկավարժականի ուսանողների պատրաստվածության և գիտելիքների վերաբերյալ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հաճելիորեն զարմացած է մանկավարժականի և նրան ուսանողների որակական փոփոխության համար: Վստահ է` 21-րդ դարի մեդիա ժամանակաշրջանում ուսուցիչը պետք է ունենա ազատություն և դասի անցկացման սեփական մեթոդ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդրահարույց հարցեր. վիճարկվեց նաև պրակտիկայի անցկացման ժամանակահատվածը: Պասիվ պրակտիկա չունենալու համար տնօրեններից շատերն առաջարկեցին այն անցկացնել նոյեմբերին:
Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը հակառակվեց`նախաայբբենական շրջանը դասվարի համար կրթադաստիարակչական խնդիրների լուծման ամենաարդյունավետ ժամանակահատվածն է:
Կլոր սեղանի ընթացքում բուռն քննարկման արժանացավ հատկապես 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքն ու դրա հետևանքով ուսանող-պրակտիկանտների դժվարությունները:
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը ևս մտահոգ է. բայց հավաստիացնում է ` ամեն ինչ անելու են վիճակը շտկելու համար:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի համար գեղեցիկ դիզայնով արված փաթեթից զատ, մանկավարժական պրակտիկայի ընթացքում հատկապես կարևոր է մեթոդիստների և ուսուցիչների կողմից ուսանողների վարած դասերի վերլուծությունները: Ֆակուլտետի դեկանը վստահ է` ուսանողները կարող են դասեր վարել, բայց որքանո՞վ են դրանք արդյունավետ, ի՞նչ ձեռքբերումներ է ունենում ուսանողը և գիտի՞ արդյոք` ինչում է թերանում:
Քննարկմանը ներկա էին նաև բուհի ուսանողները: Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին պրակտիկայի կազմակերպման և անցկացման շուրջ`խնդրելով ավելացնել ժամաքանակը:
Արդյունավետ համարելով հանդիպումը` ներկաները որոշեցին այն դարձնել պարբերական: Առաջիկայում նախատեսվում է առավել մեծամասշտաբ հանդիպում, որին կմասնակցեն նաև մարզային դպրոցների տնօրենները: