ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստորագրվեց պայմանագիր ՌԴ-ի «Շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ի հետ
18.10.2012
Մանկավարաժական համալսարանի և Դաշնային պետական գիտական հաստատության Ռուսական կրթական ակադեմիայի «Շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ի միջև այսօր կնքվեց համագործակցության պայմանագիր:
Պայմանագրի նպատակն է գիտամեթոդական, գիտահետազոտական և տեղեկատվական փոխադարձ աջակցության ցուցաբերում շտկող մանկավարժության և հատուկ հոգեբանության ոլորտներում:
«Ինձ համար մեծ պատիվ է մեր բուհում հյուրընկալել մանկավարժական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս և շտկողական մանկավարժության ոլորտում առաջատար մասնագետ Նիկոլայ Մալոֆեևին: Ձեր մասնագիտական հմտությունների կիրառումը կյանքում մեծապես նպաստում է հասարակության զարգացմանը:
Ես ուրախ եմ և վստահ` համագործակցությունը ամուր հիմք կհանդիսանա պրակտիկ ոլորտում արդյունավետ աշխատանքի համար»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը:
«Շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ի ռուսական կրթական ակադեմիայի տնօրենը նշեց, որ իրենք ոլորտի հայ մասնագետների հետ երկար ճանապարհ են անցել: Ակադեմիկոսը վստահ է`Հայաստանում հատուկ կրթությունը բարձր մակարդակի վրա է, իսկ այս համագործակցության շնորհիվ այն նոր հորիզոններ կբացի:
«Երբ երկու «տարեց» հաստատություններ միավորվում են` հաջողությունն արդեն երաշխավորված է»,- վստահեցրեց Նիկոլայ Մալոֆեևը:
Հանդիպման պաշտոնական մասին հաջորդեց նրա բացառիկ դասախոսությունը, որին մասնակցեցին Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսական կազմը:
Ոլորտի մասնագետը խոսեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների խնդիրների և ոլորտում առկա բացթողումների մասին:
Վերջինս կարևորեց հիվանդության վաղ ախտորոշումը`վստահեցնելով, որ այն սահմանափակ կարողություններ ունեցողների համար հասարակությանն ինտեգրվելու լավագույն երաշխիքն է: Դասախոսության ավարտին ակադեմիկոսը ծանոթացրեց «Շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ի էլեկտրոնային պորտալին: