Մանկավարժական համալսարանում ավանդույթ է դարձել հրավիրել ճանաչված պրոֆեսորների և գիտնականների՝ սեմինարներում հանդես գալու կամ դասախոսություններ կարդալու:

«Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոն»-ի և «Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիա»-ի կազմակերպած համատեղ սեմինարում այս անգամ հանդես եկավ Լորրենի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը:
Մինչ դասախոսությանն անցնելը, նա ներկայացրեց Լորրենի համալսարանի աշխատանքների և գիտության ֆինանսավորման միջոցների ձեռքբերման ընթացքը, գիտահետազոտական լաբորատորիայի գործունեությունը, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ուսուցիչներ պատրաստող բուհական համակարգերը, որոնք էականորեն տարբերվում են հայկականից:
Անգլալեզու իր զեկույցում Պետրոս Ջուլհակյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց էլեկտրոնային կառուցվածքի զոնդումը և էլեկտրոնի կորելացիան՝ էլեկտրոնների հարվածմամբ և ատոմական ու մոլեկուլյար թիրախների իոնիզացիայի միջոցով:

Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը Լորրենի համալսարանի հետ համագործակցում է դեռևս 1994 թվականից: Յուրաքանչյուր տարի նա դասախոսություններ է կարդում այդ համալսարանի ուսանողների համար և ղեկավարում այդ բուհի ասպիրանտների աշխատանքները:
«Պետրոս Ջուլհակյանի ներկայացրած թեման նորույթ է մեզ համար. Հայաստանում այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ չեն տարվում, սակայն վստահեցնում եմ, որ նրա ուսումնասիրությունները հետագայում կունենան գիտական լայն կիրառություն պլազմային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում»,- ասաց Էդվարդ Կոկանյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ երկարատև համագործակցության արդյունքում Պետրոս Ջուլհակյանը ընդունել է «Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոն»-ի առաջարկը. նա մեկ ամիս դասախոսություններով հանդես կգա Մանկավարժական համալսարանում:
Նշենք, որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական և Ֆրանսիայի Լորրենի համալսարանների միջև նոյեմբերին կկնքվի համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է դասախոսների, ուսանողների, ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաև՝ համատեղ գիտական աշխատանքների իրականացում: