Ապագա մանկավարժ Վարդուշ Ղազարյանը մանկավարժի ընտանքից է:Նրա համար մեծ պատիվ է Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը: Ասում է, որ այլ մասնագիտություն ընտրելու մասին չի էլ մտածել: Հուզված է. հենց նրան է վստահված ներկայացնել առաջին կուրսեցու երդումը:
«Երդվում եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին»:
Ավանդույթի համաձայն` ամեն տարի Քանաքեռում գտնվող Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողներն հենց այսպես են երդվում` հավատարիմ մնալ այն կոչմանը, որին կամովի են հավատարմագրվել:
Այս տարի շուրջ 1000 ուսանող զինվորագրվեց այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը և որի վեհ գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են խավարամտության դեմ:
Երդմնառության արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան, Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին փոխանցեց Ամեն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը:
Դիմելով առաջին կուրսեցիներին` Սրբազանը նրանց հորդորեց լինել հայ դպրության լավագույն մշակներն ու ժառանգները. «Դուք այսօր ուխտ պետք է անեք` դառնալով կրթության գործի մեր զինվորները: Երկրում թևածող օտարածին հովերը փորձում են մեր ժառանգներին պոկել իրենց արմատներից: Այսօրվա մանկավարժն իր ուսերին ծանր խաչ է կրում. նա պետք է կրթի մի սերունդ, որը կկարողանա դիմակայել այդ քամիներին»:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բարի երթ մաղթելով ուսանողներին, ասաց. «Մեր ժողովուրդը, հավերժացնելով Խաչատուր Աբովյանի հիշատակը, նրա անունով կոչեց բազում քաղաքներ, գյուղեր, կրթական հաստատություններ: Կարծում եմ ամենամեծ խորհուրդը Հայկական պետական մանկավարժական համալսարանը մեծագույն մանկավարժի, մեծ լուսավորչի անունով կոչելն է: Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ մեր համատեղ աշխատանքից է մեծապես կախված ազգային դպրոցի վաղը, ժողովրդի ապագան»:
Ապագա մանկավարժներին ողջունեցին և իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին նաև Դաշնային պետական գիտական հաստատության Ռուսական կրթական ակադեմիայի «Շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ի տնօրեն Նիկոլայ Մալոֆեևը, Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը:
Մանկավարժական համալսարանի օտարեկրյա գործընկեր Նիկոլայ Մալոֆեևն իր ուրախությունը հայտնեց հայկական մշակույթի կենտրոններից մեկում լինելու և այս արարողության մասնակցելու համար: Ակադեմիկոսը վստահ է` հզոր Հայաստան ունենալու և վաղվա ապագան լուսավորելու համար մեծապես պատասխանատու է հենց այսօրվա մանկավարժը:
Երդմնառության հանդիսավոր արարողությանը հաջորդեց օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգը: