Հոկտեմբերի 20-24-ը աշխատանքային այցով Հայաստանում է շվեյցարական մի ներկայացուցչական պատվիրակություն:

Օտարեկյա հյուրերը՝ Շվեյցարիայի Առևտրի համատեղ Պալատի նախագահ, Մեծ խորհրդի պատգամավոր, շվեյցարական Մամուլի ակումբի գործադիր տնօրեն Գի Մետտանի գլխավորությամբ այցելեցին Հայկական պետական մանկավարժական համալասարան:
Պատվիրակության կազմում էին Դաշնային խորհրդարանի ազգային խորհրդական Լյուկ Բարդասսան, Տնտեսության զարգացման ծառայության պատվիրակ Միշել Հիրսիգը, Ժնևի քաղաքային իշխանությունների խորհրդական Ալեն դը Կալբերմատրեն, ԱՊՀ Առևտրի տան գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուկայը, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ, պատգամավոր Ֆիլիպ Գլաձը, նույն կուսակցության անդամ, գործար Հակոբ Ավագյանը, լրագրողներ, փաստաբաններ:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններս հյուրընկալվել են իր մեծությամբ Հայաստանի երկրորդ համալսարանում, և ավելացրեց, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում համալսարանական կրթությանը`մասնավորապես Մանկավարժական համալսարանի զարգացմանը, նրա հեռանկարներին:

«Համալսարանների շուրջ պետք է ձևավորվի քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական մթնոլորտ, որն էլ կապահովի ցանկացած երկրի, հասարակության զարգացումը: Մեր բուհն ունի մանկավարժական ուղղվածություն.կարծում եմ, որ ազգային դպրոցի ապագան մեծապես պայմանավորված է հենց մեր համալսարանի արդյունավետ գործունեությամբ» :
Ռուբեն Միրզախանյանը վստահ է` ինչպես կրթության, այնպես էլ գիտության զարգացումն անքակտելիորեն կապված են տնտեսության զարգացման հետ:
Շվեյցարիայի Առևտրի համատեղ Պալատի նախագահ Գի Մետտանը, ողջունելով ներկաներին, խոսեց հայ-շվեյցարական դարավոր համագործակցության մասին` իր ուրախությունը հայտնելով բուհում լինելու առթիվ: Վերջինս հույս հայտնեց, որ այս այցելությունը լավ սկիզբ կհանդիսանա հետագա համագործակցության համար` նպաստելով համալսարանի կրթական համակարգի բարելավմանը:
Ջազային կատարումներ, ազգագրական պարերի մի ամբողջ շարք. շվեյցարական պատվիրակներին սպասվում էր անակնկալ. նրանց համերգային ծրագրով ողջունեցին ՙՄանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակ՚-ն ու Կուլտուրայի ֆակուլտետի պարային անսամբլը:


