ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Կիլիկիո արքա»-ն Մանկավարժականի բեմում
24.10.2012
«Մեր նվիրական հայրենիքը մեզ է կանչում, չե՞ք լսում նրա ձայնը, մի՞թե այդքան խուլ է ձեր հոգին: Արիացե´ք, դյուցազնացե´ք, թող մի կողմ գնան բոլոր թերահավատները, ստրկամիտները, վախկոտները: Սուրբ է մեր դատը, արդար և անմահ». սա է Կիլիկիայի արքա Լևոն 7-րդի կոչը ողջ հայ ժողովրդին:
Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում բեմադրվեց սփյուռքահայ հայտնի արձակագիր, դրամատուրգ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքա» թատերախաղը՝ «Նորք» թատրոնի դերասանների մասնակցությամբ:
Բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանն էր, իսկ դերասանների մեծ մասը՝ Մանկավարժական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները:
Ռուբինյանց տերության ժառանգորդ Լևոն 7-րդի կերպարի մեջ բեմադրող ռեժիսորը խտացրել էր հայրենիքի նկատմամբ ունեցած այն սերն ու պայքարի ուժը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր հայի:
Լևոնը 7-րդը պահպանում է պատմական հայրենիքի՝ 6 տարի առանց արքայի մնացած Կիլիկիայի գաղափարը. նա այն համոզմունքին է, որ հավատն ու կամքը նոր արշալույսներ կբացեն:
Նա շնչում էր այն մթնոլորտով, որում շնչահեղձ էր լինում Կիլիկիայի ժողովուրդը, իսկ իրեն հանդիմանողներին ու ծաղրողներին Լևոնը ստրուկներ ու խավարի ասպետներ է համարում:
«Լևոնը տառապում էր հատկապես չհասկացվածության գաղափարից: Նրա և գաղափարակիցների երազը Կիլիկիան էր, որ ժամանակ չէր ճանաչում: Կարծում եմ՝ կարողացա հանդիսատեսին փոխանցել կերտածս կերպարի ասելիքը, որը կարևոր է եղել երեկ, այսօր և վաղը. Կիլիկիո արքաները մեզ պետք են բոլոր ժամանակներում»,-ասաց Լևոն 7-րդի դերակատար Գևորգ Բաբախանյանը, ով Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, իսկ ներկայումս՝ «Նորք» թատրոնի դերասան:
Վերջինս մեծ ցանկություն ունի, որ մարդիկ վարակվեն թատրոնով. այն անբուժելի ու հոգևոր առողջացման համաճարակ է:
Շուրջ 50 բեմադրությունների հեղինակ, ներկայացման բեմադրող ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը համալսարանում աշխատում է մոտ 40 տարի: Նա կարևորեց ներկայիս ժամանակներում «Կիլիկիո արքա»-ի հետ «շփումը». Լևոն 7—րդը հանդիսատեսի մեջ հայրենիքի նկատմամբ սեր է ներարկում:
Ներկայացման հանգուցալուծումը տարբերվում էր Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքա» թատերախաղից. Արտաշես Հովհաննիսյանի մտահղացմամբ՝ հայտնվում է նաև Լևոն 8-րդը՝ խորհրդանշելով Կիլիկիայի հավերժությունը:
Նշենք, որ ներկայացումը մասնակցել է «Թատերական Լոռի» փառատոնին և երկու անվանակարգերում արժանացել լավագույն մրցանակների:
Կուլտուրայի ֆակուլտետի կազմակերպած միջոցառումների շարքը, որ մեկնարկեց նախորդ օրը՝ պարային բաժնի ուսանողների համերգով, շարունակվեց «Կիլիկիո արքա» ներկայացմամբ և կշարունակվի փողային նվագախմբի համերգով, որ նվիրված է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90 - ամյակին: