ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ կատարումներ՝ բուհի 90-ամյակի առթիվ
25.10.2012
Հայտնի երաժիշտ Գևորգ Գասպարյանը Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ է. հարազատ բուհում նվագում է Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործությունը:
Հայաստանում բանդոնեոն գործիքի միակ կատարող Գևորգ Գասպարյանի նման տարիներ անց կրկին Մանկավարժականի բեմում է Արթուր Մանուկյանը: Շվի, դուդուկ, զուռնա. Արթուրի վստահ ձեռքերում երեկոյի ընթացքում բեմում հնչում են մի քանի ժողովրդական գործիքներ: Գիտելիքներ, փառատոնների մասնակցություն, ճանաչում. այսօր արդեն երաժշտական դպրոցի մանկավարժը շտապում է նշել` այդ ամենը հարազատ բուհի շնորհիվ է:
Երաժիշտներին շատերի նման Մանկավարժական համալսարան է բերել բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումը.Կուլտուրայի ֆակուլտետում արդեն երեք օր`մշակութային եռուզեռ է: Եռօրյա համերգային ծրագիրը մեկնարկեց Պարարվեստի մանկավարժության բաժնի պարային համույթի ելույթով, շարունակվեց Ռեժիսուրայի բաժնի թատերական խմբի «Կիլիկիո արքա» ներկայացմամբ:
Միջոցառումների շարքը եզրափակեցին Երաժշտության բաժնի փողային և ժողգործիքների նվագախմբերը:
Համերգը մեկնարկեց համալսարանի շրջանավարտ Մամիկոն Բադալյանի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործության կատարմամբ, որին հաջորդեց ամբիոնի ժողգործիքների նվագախմբի ելույթը: Նվագախմբի ղեկավար, դոցենտ Լևոն Ավագյանի ղեկավարությամբ հնչեցին «Էքսպրոմտ», «Արտ մը ունիմ», «Պարային սյուիտ» ստեղծագործությունները:
Համերգի երկրորդ մասում փողային նվագախումբը՝ ղեկավար Կոլյա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արթուր Պոլոնսկու, Գեորգի Սվիրիդովի ստեղծագործություններից:
Հանդիսատեսին հաճելիորեն զարմացրեց Կոմիտասի «Ալ այլուխս» և «Լորիկ» ստեղծագործությունների սաքսոֆոնային գործիքավորումը:
Կոմիտասագետի ընտանքիում մեծացած, «Սաքսոֆոնահարների քառյակ»-ի ղեկավար ամբիոնի դասախոս, դոցենտ Սևադա Շհոյանը նկատում է. « Կոմիտասը երազում էր, որ իր ստեղծագործությունները հնչեն նաև սաքսոֆոնով: Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ մենք որոշեցինք հանդես գալ հազվադեպ հանդիպող հենց այս համարներով»:
Միջոցառման մտահղացման հեղինակ, Փողային նվագախմբի բաժնի շրջանավարտ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանը համերգը համարում է կայացած: Փակագծերը չի բացում, բայց խոստանում է. հանդիսատեսին նոր`ավելի մեծ անականկալ է սպասվում:
Համերգի ավարտին Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր գործիչ Արա Գևորգյանը ևս մեկ անգամ շնորհավորելով աբովյանականներին, Համալսարանի 90-ամյակի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար պատվոգրեր հանձնեց մի շարք դասախոսների, ուսանողների եւ շրջանավարտների:
Նշենք, որ եռօրյա միջոցառումների ընթացքում Կուլտուրայի ֆակուլտետի նախասրահում ցուցադրվեցին Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների լավագույնաշխատանքները: