ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեղանկարչական ցուցահանդես՝ համալսարանի 90-ամյակին
26.10.2012
Հայաստան աշխարհի բնապատկերներն ու գույներն այս օրերին կզարդարեն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որտեղ բացվեց Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մարտիրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Համալսարանի շրջանավարտն ու դասախոսը վերջին հինգ տարիների 50 աշխատանք ընդգրկող ցուցահանդեսը նվիրել էր հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:
Թումանյանական հարկի ներքո հավաքվածները` դասախոսներ, ուսանողներ, բարձրաստիճան հյուրեր և պարզապես ընկերներ ու բարեկամներ, երկար ժամանակ վայելեցին Հայաստանի բնաշխարհի գույներն ու գեղանկարչի ամենատարբեր զգացողություններն արտահայտող ՙՁյունե ճանապարհ՚, ՙԱրքայամոմեր՚, ՙԵղրևանի՚, ՙԿակաչներ՚, ՙՄասրենի՚, ՙԱռավոտ՚, ՙԴաշտային ծաղիկներ՚, ՙՊատահական օր՚, ՙԽոր աշուն՚, ՙԴրախտի ճանապարհին՚, ՙԱյլ տարածություն՚ և մյուս բոլոր աշխատանքները:
Ցուցահանդեսի բացման առթիվ նկարչին և այցելուներին շնորհավորեցին Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Շեկունցը, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, Բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը և ուրիշներ:
Ինչպես նշեց Արկադի Շեկունցը`ՙՄարտիրոսյանի աշխատանքները ժամանակակից շունչ են բերում, նրա գույները տաք են ու արևոտ՚, իսկ Հրավարդ Հակոբյանն այս էլ որերորդ անգամ ՙբացահայտում է գեղանկարչի արվեստի ներքին ուժն ու հմայքը: ՙԱստված շատերի հոգում արվեստի կրակը դրեց, բայց քչերը կարողացան հասկանալ դրա արժեքը՚,- մեծերի խոսքը մեջբերեց բանախոսը` հավելելով, որ Արթուրն այդ քչերից մեկն է, որ նվիրեց իրեն արվեստին:
ՙԵթե արտերկրից եկածները ձեր նկարներով պատկերացնեն Հայաստանը` կտեսնեն մի շատ գեղեցիկ երկիր, որովհետև այս նկարներում կան մեր վանքերը, մեր ջրվեժները, մեր ծաղիկները, և ամենակարևորը, ձեր նկարները մարդու մեջ ապրելու ցանկություն են առաջացնում՚,- ասաց Աելիտա Դոլուխանյանը:
ՙՅուրաքանչյուր գեղանկարչի ստեղծագործություն սկսվում է իր ծննդավայրի նկարներով, սակայն Արթուրի մոտ մի քիչ այլ է. նրա ստեղծագործական աշխարհն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ես վաղուց եմ հետևում նրա ստեղծագործական ընթացքին, որը ռեալիստական ուղղվածություն ունի, նաև նոր ոճ եմ տեսնում, և դա ողջունելի է՚,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանի բնորոշմամբ` ՙկա արվեստ` արվեստագետների և արվեստ` բոլորի համար՚: Արթուր Մարտիրոսյանի աշխատանքները նա համարեց արվեստ բոլորի համար, որովհետև դրանք հասկանալի ու պարզ են ոչ միայն արվեստագետներին, այլև յուրաքանչյուր շարքային այցելուի համար: Ըստ Զախար Խաչատրյանի` նկարչի աշխատանքները ՙավանգարդ՚ ոճի մեջ են, ասել է թե` ՙնորի փնտրտուք, մտքերը նորովի արտահայտելու ձևերի դրսևորում՚:
ՙԱրթուրի աշխատանքներն աչքի են ընկնում գունային և ոճային հստակ արտացոլմամբ, նա ունի բնության ընկալման մեծ զգացողություն՚,- նկատեց ՀՊՄՀ պրոֆեսոր Ազատ Հարությունյանը:
Գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը գոհ է իր ճակատագրից ու իրեն բաժին հասած երկրային ուղուց.ՙԱռանց այս համալսարանի իմ կյանքն այլ կերպ կդասավորվեր: Ես անչափ գոհ եմ, որ այս բուհի շրջանավարտն եմ, այս բուհի դասախոսը և լավագույն տարիներս անց եմ կացրել այստեղ` շփվելով նկարչական ուրույն դիմագիծ ունեցող դպրոցի մեծերի հետ, որոնցից շատ բան եմ սովորել՚: Իսկապես մեծագույն երջանկություն է անցնել Զարդարյանի, Չուբարյանի, ակադեմիան, գեղանկարի վարպետ Գևորգ Խաչատրյանից ու գծանկարի հիանալի մասնագետ Ռուբիկ Ղևոնդյանից սովորել արվեստի գաղտնիքներն ու հմայքը...
Այսօր ես վերադարձնում եմ այն, ինչ տվել է ինձ Մանկավարժականը... Ծնունդդ շնորհավոր, սիրելի համալսարան՚,- մեծագույն սիրով ու գորովանքով ամփոփում է գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը` այցելուներին նվիրելով իր երկրի ու իր հոգու արևոտ ծաղիկներն ու գույները:
Սիլվա Ասրյան