«Բարև,

Մեկ հատիկ այս բառն եմ ասում…». Պարույր Սևակի այս անզուգական բանաստեղծությամբ էլ մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնը, որն անցկացվում էր Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակում:
Երկրորդ անգամ անցկացվող ասմունքի փառատոնին մասնակցում էին բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողները, որոնք հանդես եկան իրենց հեղինակած ստեղծագործություններով:
Լավագույններին ընտրելու իրավունքը վստահված էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Հովհաննիսյանին, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանին, Աշոտ Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանին՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբգար Ափինյանի նախագահությամբ:
Արդյունքների ամփոփումից պարզ դարձավ, որ «Լավագույն հեղինակային ստեղծագործություն» անվանակարգում երրորդ մրցանակին արժանացավ Հատուկ կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Հարությունյանը:
Նրան մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի նախագահ և քաղաքապետի օգնական Սամվել Մեթաջյանը:

Երկրորդ մրցանակին արժանացած Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ժորա Հակոբյանին պարգևատրեց ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Վերջինս առաջարկեց, որ հաջորդ տարի կազմակերպվի ավելի մեծամասշտաբ՝ ասմունքի միջբուհական մրցույթ-փառատոն:
Նույն անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ադամյանը, ում մրցանակը շնորհեց Աիդա Հովհաննիսյանը:
Նա ողջունեց միջոցառման անցկացումն ու վստահեցրեց՝ այս մրցույթ-փառատոնը և´ հեղինակների, և´ ասմունքողների համար կարևոր քայլ է դեպի պոեզիա: Նա ժյուրիի անդամների անունից խոստովանեց՝ լավագույնին ընտրելը դժվար է եղել:
«Լավագույն ասմունքող» մրցանակին արժանացավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի շրջանավարտ Սյունե Մանուչարյանը, ում մրցանակը հանձնելու համար բեմ հրավիրվեց Ուսանողական գիտական ընկերության նախագահ Գեորգի Գաբրիելյանը:
«Այսօրվա միջոցառումը վկայությունն է այն բանի, որ մեր համալսարանում կան շնորհաշատ ուսանողներ: Կարող ենք վստահորեն ասել՝ մեր վաղվա դպրոցները հուսալի ձեռքերում են»,-նշեց Գեորգի Գաբրիելյանը:
Միջոցառումն ամբողջական դարձրեցին Մարիամ Մելիք-Բախշյանի, Էմիլի Ղուկասյանի, Հայկազն Եփրեմյանի ու Յուրի Աբրահամյանի երաժշտական կատարումները: