ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում պոլսահայ գրականության առաջնորդներից Ռոպեր Հատեճյանի հետ
26.10.2012
«Չգիտեմ՝ հայ գրականությունն ինչ շահեց ինձանից, բայց ես շահեցի հայ գրականությունը»,- Մանկավարժական համալսարանի ուսանողների եհտ հանդիպման ժամանակ նշեց սփյուռքահայ հասարակական գործիչ, գրող Ռոպեր Հատեճյանը: Նա Բանասիրական ֆակուլտետ էր այցելել «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հրավերով:
Ներկաներին ողջունեց Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Յուրի Դավթյանը, ով Ռոպեր Հատեճյանի ներկայությունը ֆակուլտետում գրամշակութային կարևոր իրադարձություն համարեց. ՙգիտական, մշակութային և գեղարվեստական առումներով նա մեծ ներդրում է ունեցել ազգի պահպանման, զարգացման գործում՚,-նկատեց ֆակուլտետի դեկանը:
«Պոլսի գրական իրական շնչառությունը բացեց Ռոպեր Հատեճյանը, ով ի հեճուկս ժամանակի և պանթուրքական հին երազի՝ շրջեց պատմության անիվն ու դարձավ պոլսահայ գրականության հունը փոխող արվեստագետ և սփյուռքահայ գրականության առաջնորդ: Նա իր ճակատագիրը կապեց «Մարմարա» ամսագրի հետ դեռ 1950-ական թվականներից՝ հույս ունենալով ասպարեզ հանել Պոլսի նիրհած գրական շնչառությունը»,- ժամանակակից սփյուռքահայ գրող Ռոպեր Հատեճյանին այսպես ներկայացրեց Սուրեն Դանիելյանը:
Ռոպեր Հատեճյանը բազմաթիվ առիթներով եղել է հայաստանյան բուհերում և շնչել այն առողջ մթնոլորտը, որի մասին երազել է օտար համալսարաններում սովորած իրենց սերունդը: Նա առանձնակի ոգևորեց ուսանողներին՝ հատկապես բանասերի մասնագիտությունն ընտրելու առթիվ. «Ուզում եմ տեսնել, որ մեր լեզուն և գրականությունը ապագայում իրենց գոյությամբ վտահված են ձեզ պես երիտասարդների. պաշտպան կանգնեք մեր գրականությանը»:
Անդրադառնալով պոլսահայ գրականությանը՝ նա վստահեցրեց, որ հայ գրականության ամենաընտիր էջերից շատերը գրվել են հենց Պոլսում:
Գրողը խոստովանեց, որ չնայած Մխիթարյան վարժարանի աշակերտ լինելուն, մինչև 20 տարեկան գրել է թուրքերենով: Իսկ երբ ընկերներն իր պատմվածքներից մեկը թարգմանեցին հայերեն և հրատարակեցին «Հայադաշտ» գրական ամսագրում, Ռոպեր Հատեճյանը վճռեց. այդուհետ ստեղծագործել բացառապես մայրենիով:
Սփյուռքահայ գրողը անարդար վճիռ է համարում այն, երբ շատերը պոլսահայ գրականությունը համարում են ազգային ջիղ չունեցող գրականություն. «Ուշադիր ընթերցողը յուրաքանչյուր տողի մեջ տեսնում ու հասկանում է այն, ինչ գրված չէ: Մեր՝ ազգային լինելու փաստը, մեր լեզուն է, դրա գործածությունն ու պահպանումը»:
Իր խոսքի վերջում նա ուսանողներին հորդորեց ամենուր պահպանել հայոց լեզուն և հայատառ գրականությունը:
Ի դեպ, 2011 թվականին Ռոպեր Հատեճյանին ՀՀ նախագահը արժանացրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: