ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատմության և մշակույթի էջեր. ներկայացնում են մանկավարժները
29.10.2012
Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմագիտության թեկնածու Խաչիկ Ստեփանյանը և նույն ամբիոնի դասախոս, պատմագիտության թեկնածու Վահե Թորոսյանը Սիսիանի զորամասերում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հանդես եկան դասախոսություններով:
 
Բուհի դասախոսներն անդրադարձան բանակ-հասարակություն կապին, զինծառայողի բարձր առաքելությանը, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ֆիդայական շարժմանը, Կիլիկիայի հայկական թագավորության հարցերին, որոնք զինծառայողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրին:
 
«Նման հանդիպումներն ու դասախոսությունները օգնում են զինծառայողներին ճիշտ ընկալել հայ ժողովրդի պատմությունը, անցյալի, ներկայի և ապագայի անխզելի կապը:
 
Այն նաև օգնում է հստակ պատկերացնել ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում մեր ժողովրդի ազգային և պետական շահերն ու նպատակները, բանակի դերն ու կարևորությունը` նպաստելով հայոց բանակի մարտունակության ամրապնդմանն ու բարձրացմանը»,-նշեց ռազմական հոգեբան, մանկավարժ Հակոբ Թադևոսյանը:
 
Վերջինս վստահ է`նման հանդիպումները կօգնեն զինվորներին հաղորդակից դարձնել հայկական մշակույթի բարձր արժեքներին, ամրապնդել հայրենիքի հանդեպ սիրո և ազգային հպարտության զգացումները:Մտավորականների կանոնավոր շփումներն էլ զինծառայողներին կքաջալերեն ընդգծել հայրենիքի պաշտպանի բարձր և պատասխանատու կարգավիճակը, բարոյահոգեբանական առողջ լիցքեր և ոգեղեն շունչ կհաղորդեն նրանց»: