ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սերգեյ Համբարձումյան. մարդ, ում սիրում են լսել
30.10.2012
Սերգեյ Համբարձումյանի, պրոֆեսոր Աշոտ Տեր-Իսրայելյանի, Ալիս Մարջանյանի ղեկավարությամբ «Ավտոմոտոգործ» առարկայի շրջանակում Մանկավարժականի ուսանողները շաբաթական մեկ անգամ սովորել են տրակտոր վարել:
Դասընթացները տևել են ընդամենը 1-1,5 տարի. այն ավարտելուց հետո բոլոր ուսանողները քննություն են հանձնել՝ վարելով Մանկավարժականի բակում տեղակայված տրակտորը:
«Մեծ Հայրենականի տարիներին բոլոր տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղերում մնացել էին կանայք, համալսարաններում էլ միայն աղջիկներն էին սովորում: Որոշում ընդունվեց՝ այն ուսանողները, որոնք հետագայում պետք է գյուղ գործուղվեն, բուհում պետք է ավտոմոտոգործ սովորեն, ավելի կոնկրետ՝ տրակտոր վարել. դա պարտադիր էր բոլորի համար»,-տարիների հեռվից հիշում է Սերգեյ Համբարձումյանը, ով հրավիրվել էր Մանկավարժական համալսարան՝ ավտոմոտոգործ դասավանդելու:
Այս փոքրիկ, բայց անմոռանալի հուշն է պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին կապում Մանկավարժական համալասարանի հետ, որն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը:
Ակադեմիկոսը նկատում է Մանկավարժականում կատարվող բարեփոխումները և կարևորում է հատկապես այն, որ համալսարանի ղեկավարությունը հաճախ է հրավիրում հանրապետության լավագույն գիտնականներին՝ բուհում դասավանդելու նպատակով:
«Գիտությունը կարող է զարգանալ այն դեպքում, երբ այդ ասպարեզում կան գիտությամբ զբաղվող հաստատությունների երիտասարդ ներկայացուցիչներ. Մանկավարժականն այսօր պետք է սերտորեն կապված լինի գիտության բոլոր ոլորտների հետ»,-նշեց Սերգեյ Համբարձումյանը՝ իր ափսոսանքը հայտնելով գիտության բնագավառում երիտասարդների սակավ ներգրավվածության համար:
72 տարվա մանկավարժական փորձ ունեցող Սերգեյ Համբարձումյանը կարծում է՝ «Մանկավարժություն» տերմինը վաղուց կորցրել է իր իմաստը: Նա առաջարկում է այն փոխարինել դասագիտություն, ուսուցչաբանություն կամ այնպիսի մի բառով, որում կարտահայտվի այդ գիտության ողջ էությունը: Հատկանշական է, որ պրոֆեսորը խիստ պարտադիր է համարում տղամարդ ուսուցիչների առկայությունը դպրոցում. դա կփոխի մթնոլորտն ու աշակերտների մտածելակերպը:
«Ուսուցիչը ոչ թե պետք է երեխային դիտարկի որպես դատարկ անոթ ու լցնի այն գիտելիքներով, այլ գիտելիքներ տալու հետ մեկտեղ սովորեցնի մտածել և ինչպես կիրառել ստացածը: Վերջապես արդյունքի են հասնում նրանք, ովքեր կարողանում են մտածել»,-նշեց Սերգեյ Համբարձումյանը, ով բնությունից օժտված է վարժապետ լինելու առաքելությամբ, ով սիրում է դասավանդել. նրան սիրում են լսել բոլորը: