Որո՞նք են սննդային հավելումները և ինչպե՞ս են դրանք դասակարգվում, ի՞նչ դեր է կատարել օզոնը երկրի վրա կյանքի առաջացման գործընթացում. այս և մի շարք այլ հետաքրքիր հարցերի
.jpg)
պատասխաններ փորձեցին գտնել «Պատանի քիմիկոսների համահայկական երրորդ մրցաշարի» մասնակիցները:
Հոկտեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ. հատուկ դպրոցում անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Պատանի քիմիկոսների համահայկական երրորդ մրցաշար»-ի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:
Հետաքրքրաշարժ թիմային մրցույթում 9-12-րդ դասարանների աշակերտները դրսևորեցին բարդ և արտասովոր քիմիական խնդիրներ լուծելու, դրանք համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները:
Այս տարի ժյուրիի կազմում ներգրավված էին ՀՊՄՀ, ԵՊՀ և ԵՊՃՀ դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ և այլ մասնագետներ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցույթն անցկացվեց Մանկավարժական համալսարանի քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երիտասարդ դասախոսների և շրջանավարտների մեթոդական աջակցությամբ:
.jpg)
Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին «Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի դասախոսներ` մրցաշարի փոխնախագահ Աշոտ Բաբախանյանը, ծրագրի ղեկավար Նինա Հոբոսյանը, ժյուրիի անդամներ Վարդուհի Հովսեփյանը և Մերի Մանուկյանը:
Կիսաեզրափակիչ փուլ անցավ 9 թիմ հանրապետության տարբեր քաղաքներից` Արարատից, Նոյեմբերյանից, Գյումրուց, Էջմիածնից , Վանաձորից, Երևանից:
Թեժ պայքարն ունեցավ հետաքրքիր ավարտ. բացարձակ նույն արդյունքով`119 միավորով, առաջին տեղը կիսեցին Վանաձորի «Էվրիկա» և Էջմիածնի «Ալմաստ» թիմերը, իսկ երկրորդ տեղը գրավեց «Բնագետ» թիմը` Երևանից:
ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանի մրցանակին արժանացավ հաղթող թիմերից մեկի` Վանաձորի «էվրիկա» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Աղաբաբյանը:
Մասնակիցներին և հաղթողներին շնորհվեցին արժեքավոր մրցանակներ, թեմատիկ գրքեր:
Հիշեցնենք, որ մրցաշարի նախընտրական քառորդ եզրափակիչ փուլն անցկացվել էր ամռանը Մանկավարժական համալսանում, որին մասնակցել էր 17 թիմ: