ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երիտասարդներին միավորում է սերը դեպի արվեստը
01.11.2012
«Այստեղ դուք կարող եք սթափվել նախնական տպավորություններից» գրությամբ ցուցանակը փակցված էր այն սրահում, ուր տեղի ունեցավ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներ Դավիթ Շահվերդյանի, Սոֆի Հարությունյանի, Յուրի Աբրահամյանի, Արաքսյա Ալոյանի, Լևոն Դավթյանի և Արփի Շահվերդյանի աշխատանքների ցուցադրությունը:
Հոկտեմբերի 31-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մանկավարժական համալսարանի դասախոսներ, ուսանողներ և արվեստասեր հյուրեր: Ներկաները հաճելիորեն զարմացած էին նախադեպը չունեցող երիտասարդական ցուցահանդեսի կազմակերպմամբ, որն անակնկալ էր թե՛ իր մոտեցմամբ, թե՛ մատուցմամբ:
Բացման խոսքում գեղանկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը այս ցուցահանդեսում հատկանշանական համարեց այն, որ ցուցադրված գործերից ոչ մեկն իր ոճով, մտածելակերպով և նույնիսկ տեխնիկայով նման չէ մյուսին. նրանց միավորում է սերը արվեստի նկատմամբ:
Ցուցահանդեսին մասնակցած ուսանողներին շնոհավորեցին նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսները, արվեստագետներ Վարդգես Գուլիկյանը, Մարտիրոս Բադալյանը և Անուշ Եղիազարյանը. վերջիններս նույնպես գնահատեցին ուսանողների ստեղծագործական մոտեցումն ու չկրկնվելու հատկությունը: Մարտիրոս Բադալյանը նշեց, որ սա լավ օրինակ է, որպեսզի մյուս ուսանողներն էլ ձգտեն առավել շատ աշխատել և ինքնակատարելագործվել:
Ցուցահանդեսի մասնակից Դավիթ Շահվերդյանի կարծիքով՝ ընդհանրական խորագիր չունեցող ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունների ներքին կապն այն է, որ մասնակցող ուսանողներից բոլորն ունեն պայքարելու, կյանքը դեպի լավը փոխելու կամք:
«Այս ցուցահանդեսը էքսպերիմենտալ տարբերակ է. այն կազմակերպվել է բացառապես ուսանողների ջանքերով՝ արդարացնելով մեր սերնդի հետ կապված սպասումները»,- նշեց Դավիթը Շահվերդյանը:
Ցուցադրությանը երիտասարդական թարմ շունչ հաղորդեցին ուսանողների դաշնամուրային կատարումները: