Մանկավարժականում գիտական խորհրդի հերթական նիստը սկսվեց անակնկալով. գիտխորհրդի անդամներն առաջիններն էին, ում ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը արժանացրեց բուհի

90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալների:
Մանկավարժական համալսարանի նոր Կանոնադրության վերաբերյալ զեկուցեց Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Խոսելով բուհում կատարվող արմատական բարեփոխումների, ռազմավարական նոր խնդիրների և մարտահրավերների մասին` նա գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Կանոնադրության նոր նախագիծը` ամբողջական և մշակված տարբերակով:
«Համալսարանի գործող Կանոնադրությունը հաստատվել է դեռևս 10 տարի առաջ` ՀՀ կառավարության որոշմամբ: Նոր Կանոնադրության նախագծի համաձայն` փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում բոլոր բաժիններում,վերաշարադրվել են մի շարք դրույթներ: Ամբողջությամբ տարանջատվել են Համալսարանի աշխատողների և ուսանողների իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց Արմեն Թամազյանը:

Հայցորդների և ասպիրանտների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը:
Վերջինս նշեց, որ ուսումնասիրության հիմնական նպատակն է նախապատրաստվել Համալսարանի գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման բարեփոխումներին և հայցորդների համար կրեդիտային համակարգի ներդրմանը:
«Ուսումնասիրության ընթացքում անդրադարձել ենք ուսումնահետազոտական և գիտական աշխատանքների անհատական պլանին, դրա կատարմանը, հայցորդի կամ ասպիրանտի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածությանը, ատեստավորմանը: Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման կարգի նախագիծը հնարավորություն կտա ասպիրանտների և հայցորդների հետ աշխատանքներն իրականացնել առավել ողջամիտ և կանխատեսելի`նպաստելով նրանց գիտական գործունեությանը»,-հավելեց Հետբուհական կրթության գծով պրոռեկտորը:
Գիտական խորհրդի քննարկմանն առաջադրված հաջորդ հարցը վերաբերվում էր համալսարանում պրակտիկայի գործընթացին:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց մանկավարժական պրակտիկայի թղթապանակի կիրառման կառուցվածքն ու ընթացակարգը, դրույթները, ուսանողների մանկավարժական պրակտիկայի շրջափուլերը, սկզբունքները:
Վերջինս վստահեցրեց` պրակտիկայի թղթապանակը նպատակ ունի մանկավարժական գնահատման բարելավման և զարգացման միջոցով նպաստել սովորողների ուսումնական ձեռքբերումներին և մասնագիտական կոմպետենցիաներին:
Հեղինե Խաչատրյանը նաև նշեց, որ հիմք ընդունելով տվյալ ուսումնական տարում մանկավարժական պրակտիկայի ընթացքում դրա կիրառման արդյունավետությունը` տարեկան մեկ անգամ ընթացակարգը կարելի է պարբերական գնահատման և վերանայման ենթարկել:
Գիտխորհուրդը որոշեց ֆակուլտետների, ամբիոնների և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմել հանձնաժողով` ուսանողների պրակտիկայի փաստաթղթային փաթեթի նախագիծը լրամշակելու համար:

Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցի`ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման կարգի մասին զեկուցեց Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության
պետ Մկրտիչ Ավագյանը: Նա վստահ է` գնահատումը միջոց է մի կողմից հավաստելու ուսանողների առաջադիմությունը, յուրացրած գիտելիքի մակարդակը, ստացված վերջնարդյունքը, մյուս կողմից` դրա համապատասխանությունը կրթական նպատակներին և խնդիրներին:
Կրթության զարգացման մասնագետը կարծում է, որ ուսանողի գնահատման հիմքում պետք է ընկած լինեն օբյեկտիվությունը, մատչելիությունը, արդյունավետությունը, չափելիությունն ու թափանցիկությունը: Այն հնարավոր կլինի վերահսկել ընթացիկ, միջանկյալ ստուգումների և հանրագումարային ամփոփման միջոցով, իսկ գնահատման առավելագույն ցուցանիշ սահմանել 100 միավոր`նախկին 20-ի փոխարեն:
Գիտխորհրդի նիստում առաջադրված բոլոր նախագծերն արժանացան ներկաների հավանությանը:
Նիստի ավարտին փակ քվեարկության արդյունքում հայտնի դարձավ, որ համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության, Փիլիսոփայության և տրմաբանության, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնների վարիչներ ընտրվեցին վերոնշյալ ամբիոնների վարիչների պաշտոնակատարները: