ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարոլ Մարչինկովսկու անվան բժշկական համալսարանից Մանկավարժական
01.11.2012
Օլիգոֆրենոմանկավարժություն և լոգոպեդիա բաժնի շրջանավարտ Աննա Չարչյանը կրկին Մանկավարժականում է: Լեհ-ամերիկյան «Ազատության հիմնադրամի Լեյն Կիրկլանդի անվան» կրթաթոշակային ծրագրով Պոզնան քաղաքի Կարոլ Մարչինկովսկիի անվան բժշկական համալսարանը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո նա վերադարձել է հայրենիք և կրկին աշխատանքի անցել հարազատ բուհում:
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոսը պատկերային ներկայացման միջոցով ծանոթացրեց կրթաթոշակային ծրագրի բնույթին, նպատակին, պայմաններին, ուսուցման առավելություններին, ուսանողի պարտականություններին ու իրավունքներին:
Հատուկ մանկավարժը ներկայացրեց Լեհաստանում ուսումնասիրած առարկաները, մեջբերեց հատվածներ դասընթացներից: Նա խոսեց նաև հատուկ դպրոցներում, մանկապարտեզներում, հոգեբանամանկավարժական հանձնաժողովներում անցկացրած պրակտիկայի մասին:
Աննա Չարչյանը կարևորեց կրթաթոշակային ծրագրերով արտասահմանում սովորելն ու հորդորեց օգտվել նման հնարավորությունից`միայն թե Հայաստան վերադառնալու, փորձն ու գիտելիքները մեր երկրում կիրառելու պարտադիր պայմանով:
«Դիպլոմային աշխատանքիս ղեկավար Կարոլ Մարչինկովսկիի անվան բժշկական համալսարանի հանրային առողջության ամբիոնի վարիչ, դոկտոր տիկին Միրոսլավա Ցիլկովսկա-Նովակը ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրի շրջանակներում ցանկություն է հայտնել համագործակցել Մանկավարժական համալսարանի հետ: Համագործակցության սկիզբն արդեն դրվել է. դոկտոր Նովակն այս տարվա հուլիս 27-ին մեր համալսարանում էր և հանդիպեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Աննան Չարչյանը:
Վերջինիս հրավերով պատկերային ներկայացումները դիտեցին նաև Հայկական Գիտական Համագործակցության (ARMSCOOP) համահիմնադիր և համակարգող Արմեն Մարտիրոսյանը և «ԼՈՆԴՈՆ ԱՅ» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Գայանե Եղիազարյանը:
Հանդիպման ավարտին նրանք ներկայացրին հայաստանյան և արտասահմանյան մի շարք երկրների համալսարաններում գործող կրթաթոշակային ծրագրերը և այդ ծրագրերին դիմելու կանոնակարգը:
Նշենք, որ Աննա Չարչյանը տարբեր ծրագրերով եղել է Եվրոպայի մի շարք երկրների կամավորական ծառայության կամավոր, մասնակցել գիտաժողովների, որակավորման բարձրացման դասընթացների, ստացել դիպլոմներ, սերտիֆիկատներ և վկայականներ: Ունի ինը տպագիր հոդված: