Բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ հաճախ են կազմակերպվում բազմաբնույթ միջոցառումներ, գիտաժողովներ ու կոնֆերանսներ:

ՀՊՄՀ Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ «Քաղաքական արդիականացումը և ՀՀ հիմնախնդիրը» խորագիրը կրող Քաղաքագիտական երրորդ գիտաժողովը, որն իրենց անմիջական մասնակցությամբ պատվեցին նաև ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Պետական կառավարման ակադեմիայի և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի ներկայացուցիչները:
«Նման գիտաժողովների կազմակերպմամբ բուհում կարևորվում են այն հարցերը, որոնք կրում են միջդիսցիպլինար բնույթ: Այսօրվա գիտաժողովն արդիական է այնքանով, որ անդրադառնում է քաղաքական հրատապ հիմնախնդիրներից մեկին՝ արդիականցման տեսությանը»,-նշեց Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանն իր ուրախությունը հայտնեց գիտաժողովում հանրապետության ճանաչված քաղաքագետների, վերլուծաբանների մասնակցության համար և ավելացրեց. «Քաղաքագիտությունը մեզանում նոր գիտաճյուղ է և ունի բուռն զարգացման, քաղաքագիտական հարցերի վերլուծությունների կարիք: Համոզված եմ՝ այս գիտաժողովը նոր էջ է բացելու այդ ոլորտում՝ տալով գիտական նոր քննարկումների և վերլուծությունների տեղիք»:
Գիտաժողովի աշխատանքները մեկնարկեց Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի զեկույցով:
«Արդիականացման հարացույցը և ՀՀ քաղաքական գործընթացները (համեմատական վերլուծություն)» զեկույցում քաղաքագետն անդրադարձավ մոդեռնիզացիայի 2 միտումներին՝ արևմտականացմանն ու սեփական բազայի վրա իրականացվող վերակազմությանը:
Լևոն Շիրինյանի կարծիքով, արդիականացումը Հայաստանի համար դարձել է «կյանքի խնդիր»: Հակառակ շատերի այն

կարծիքին, թե արդիականացումը արևմտյան և եվրոպական արժեքների մեխանիկական տեղափոխումն է, քաղաքագետը պնդում է. «Հայերս կարող ենք զարգանալ՝ հիմք ընդունելով Ոսկեդարի, «Հայկական ռենեսանսի (10-13-րդ դար)» արժեքային համակարգը ազգային փիլիսոփայության և գիտության արժեքային համակարգի նորացված համատեքստում:
Խոսելով գիտաժողովի անցկացման անհրաժեշտության մասին՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ այսպիսով իրենք քննում են տեսական հարցեր և փորձում կիրառական քաղաքագիտության մեջ տալ նոր եզրակացություններ. գիտությունը զարգանում է միևնույն հարցի շուրջ միավորվելու, գիտական կոլեկտիվ կազմելու դեպքում:
Գիտաժողովի բոլոր՝ 16 զեկուցումներն էլ նվիրված էին ՀՀ հիմնախնդիրներին և քաղաքական արդիականացմանը. դրանցից յուրաքանչյուրում առաջարկվում են ելքի որոնման նոր հայեցակարգեր:
ՀՄՀՀ Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայելյանն իր զեկույցում ներկայացրեց որոշ նկատառումներ կրթության արդիականցման հիմնախնդիրների վերաբերյալ՝ համարելով այն Հայաստանի արդիականացման հիմնական բաղադրիչներից մեկը:
Գիտաժողովի մյուս մասնակիցները ևս իրենց զեկույցներում անդրադարձան այդ կարևորագույն խնդրին՝ ներկայացնելով ՀՀ-ում արդիականացման ռեսուրսները, արժեքային համակարգի էվոլյուցիան, այդ գործընթացում հանդիպող ինստիտուցիոնալ խոչընդոտներն ու արդիականացման գործընթացի ժամանակակից ուսմունքները: