ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բիզնեսը նախեւառաջ փիլիսոփայություն է
02.11.2012
«Ցանկացած գործ սկսելուց առաջ շատ կարեւոր է գիտակցել, հոգու խորքում զգալ եւ վարակվել ձեր գեղեցիկ գաղափարի իրականացման հեռանկարով, իսկ նպատակին հասնելուց հետո հիանալ արածի արդյունքով»,-սա է ռադիոինժեներ, տնտեսագիտության թեկնածու, գործարար եւ բարեգործ Ռուբեն Գրիգորյանի` բիզնեսում հաջողությունների հասնելու գլխավոր նախապայմանը:
«Ինչի°ց է սկսվում բիզնեսը» թեմայով դասախոսության շրջանակում Ռուբեն Գրիգորյանի` բիզնեսի «փիլիսոփայության» գաղտնիքներին այսօր ծանոթացան Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները.նա Հայաստանում է բուհի հրավերով:
Մոսկվայի առաջատար ներդրումային-շինարարական «РУЦОГ» հոլդինգի ղեկավարը տեղին է համարում հայտնի այն ճշմարտությունը, թե լավ սկիզբը գործի կեսն է, ապա խորհուրդ տալիս` համադրել դոնկիխոտյան երազկոտությունն ու մաթեմատիկոսի սթափությունը:
Ռուբեն Գրիգորյանը վստահ է` բիզնեսն ավելին է քան հասարակ տնտեսագիտական հաշվարկը. դա նախ և առաջ փիլիսոփայություն է, աշխարհայացք, որտեղ հաջողության են հասնում զգայուն մարդիկ.«Կարծում եմ` ամենախելացի և հաջողակ մարդիկ նրանք են, ովքեր ամեն ինչ խորությամբ են զգում: Նրանց նեսում ինչ-որ բան է խմորվում. նրանք են ծնում մտքեր. անզգա, անկենդան մարդը գործի մարդ չէ»:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը ուսումնական հաստատություններում.«Այս դասախոսությունը ևս մեկ անգամ ապացուցեց` աշխատասիրությունը, տաղանդն ու նպատակասլացությունը կարող են օգնել ցանկալի արդյունքի հասնելուն: Ռուբեն Գրիգորյանի օրինակը կօգնի այսօրվա հայ ուսանողին հավատալ այդ ճշմարտությանը»:
Բուհի ռեկտորը հանդիպման ընթացքում Ռուբեն Գրիգորյանին շնորհեց Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, որին հաջորդեց ջազային կատարումներով և ազգագրական պարերով հագեցած համերգային ծրագիրը:
Նշենք, որ մեր հայրենակից Ռուբեն Գրիգորյանը 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի պատվավոր շինարար: Նրա ղեկավարած «РУЦОГ» հոլդինգը շինարարական ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք: Հոլդինգն աչքի է ընկնում նաեւ բարեգործական նախագծերով՝ հատկապես եկեղեցաշինության ոլորտում:
«РУЦОГ» -ի բարեգործությամբ են կառուցվել Հայ Առաքելական եկեղեցու Նոր - Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերի նստավայրերը, ինչպես նաեւ Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին: