ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում է Օուլուի համալսարանի ռեկտորը
05.11.2012
Մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ բուհը շարունակում է հյուրընկալել բարձրաստիճան հյուրերի:
Այս անգամ Մանկավարժականում էին Եվրոպայի նշանավոր գիտնական, հասարակական գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրի և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյան:
Ողջունելով ներկաներին` Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց Լայունեն Լաուրենին նշելով, որ նա այժմ ղեկավարում է գերժամանակակից տեխնիկայով հագեցած, գիտական և բժշկական խոշոր կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանը:
««Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում արդեն մեկուկես տարի մեր համալսարաններն իրականացնում են լուրջ և հետևողական բարեփոխումներ.փոփոխման են ենթարկվում մեր ուսումնական ծրագրերը, նորմատիվ փաստաթղթերը: Վստահ եմ` մեր համագործակցությունը կշարունակվի նաև ծրագրի ավարտից հետո, իսկ գործունեության արդյունքները կդառնան նոր ուղեցույցեր»:
Ռուբեն Միրզախանյանը Օուլուի համալսարանի ռեկտորին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, ապա ռեկտոր Լայունեն Լաուրիին և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանին արժանացրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալների:
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտորը շնորհակալություն հայտնեց բարձր պատվի արժանացնելու համար` ստացած պարգևները վերագրելով նաև Օուլուի համալսարանի ողջ աշխատակազմին:
«Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը լինի շարունակական.փոխանակման ծրագրերի շրջանակում ուրախ կլինեմ մեր համալսարանում տեսնել ձեր դասախոսներին և

ուսանողներին: Եռօրյա այցի ընթացքում հնարավորություն ունեցա տեսնել և ճանաչել նաև հայ ժողովրդին: Հիանում եմ հայերի` իրենց մշակութային արժեքների և պատմական կոթողների նկատմամաբ ունեցած սիրով»,-նշեց Լայունեն Լաուրիին:
Հյուրերին համերգային ծրագրով ողջունեցին Համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երգչախումբը, Ջութակահարների անսամբլն ու Փողային նվագախումբը:
Նշենք, որ Հայաստան այցի շրջանակում ֆիննական պատվիրակությունը եղել է Էջմիածնում, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին II-ի հետ և ստացել նրա օրհնությունը, ապա նաև շրջել Երևանի կոնյակի գործարանում` ծանոթացել Հայաստանի կոնյակագործության գաղտնիքներին և համտեսել աշխարհում մեծ ճանաչում վայելող հայկական կոնյակը:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Օուլուի և Մանկավարժական համալսարանների միջև համագործակցությունը սկսվել է 2011 օգոստոսից:
Համագործակցության նպատակն է՝ բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ: