ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ նվիրված ֆիզիկայի ուսուցման նորագույն մեթոդներին
07.11.2012
Նոյեմբերի 19-23-ը ՅՈՒՆԵՍԿO-ի հովանավորությամբ Մանկավարժական համալսարանում կանցկացվի «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» թեմայով տարածաշրջանային գիտաժողով:
Յուրաքանչյուր տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ նման գիտաժողովներ կազմակերպվում են տարբեր երկրներում: Մանկավարժական համալսարանում այն անցկացնելու համար Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել ծրագիր, որում հիմնավորվում է գիտաժողովի անցկացումը մեր բուհում:
«Մանկավարժական կադրերի պատրաստման գործի կարևորության գիտակցությամբ համալսարանում փորձարկվում և կյանքի են կոչվում մանկավարժական նորագույն տեխնոլոգիաներ, որոնց թվին է պատկանում գիտաժողովում ներկայացվող ակտիվ ուսուցման մեթոդը: Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցման մեթոդը ենթադրում է գիտելիքների ձևավորում ֆիզիկական երևույթների անմիջական դիտարկումների հիման վրա և հնարավորություն է ընձեռում սուղ միջոցներով լիարժեք կրթություն իրականացնել նվազ հագեցած լաբորատորիաների պայմաններում», - նշեց Էդվարդ Կոկանյանը:
Նա կարևորեց հատկապես այն, որ գիտաժողովի մասնակից ներկայիս և ապագա մանկավարժները, հետազոտողներն ու դասախոսները ձեռք կբերեն դպրոցներում և համալսարաններում այդ մեթոդների ինտենսիվ ներդրման գործընթացին անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ:
Խոսելով գիտաժողովի ակնկալիքների մասին՝ Էդվարդ Կոկանյանն ավելացրեց.
«Գիտաժողովի կազմակերպման նպատակն է ակտիվ ուսուցման մեթոդի շնորհիվ բարձրացնել ֆիզիկայի ուսուցման արդյունավետությունը: Այս մեթոդի կիրառումը կհանգեցնի ֆիզիկայի, մասնավորապես՝ օպտիկայի և ֆոտոնիկայի նկատմամբ ավագ դպրոցի աշակերտների և բուհի ուսանողների հետաքրքության բարձրացմանը, կնպաստի աշակերտների մասնագիտական ուղղորդմանը դեպի բնական գիտություններ»:
Նշենք, որ «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» նախագիծը սկիզբ է առել 2003 թվականից, այն նախաձեռնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օպտիկական միության (OSA), Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միության (SPIE), Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) և Ֆիզիկայի ուսուցման Ասիական համացանցի (ASPEN) մասնագետներից կազմված միջազգային աշխատանքային խմբի կողմից:
Ծրագիրը փորձարկվել է ԱՄՆ-ում և մի շարք այլ զարգացած երկրներում՝ ի սկզբանե նպատակաուղղված լինելով ուսանողների մոտ ֆիզիկայի հիմնարար սկզբունքների յուրացման բարձրացմանը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար Մանկավարժականը կհյուրընկալի «Օպտիկայի և ֆոտոնիկայի ակտիվ ուսուցում» ծրագրի ստեղծման և զարգացման գործընթացում մեծ ավանդ ունեցող մի շարք անվանի պրոֆեսորների տարբեր երկրներից: Նրանց թվում են պրոֆեսորներ Դավիթ Սոկոլոֆը (Օրիգոնի համալսարան, Յուդժին, ԱՄՆ), Ալեքսանդր Մազոլինին (Սվինբուռնի տեխնոլոգիական համալսարան, Մելբուռն, Ավստրալիա), Զոհրա Բեն Լակհդարը (Թունիսի համալսարան, Թունիս), Ջոզեֆ Նիեմելան (Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, Տրիեստե, Իտալիա) և Ջուստե Ժան-Պոլ Նգոմե Աբիագան (ՅՈՒՆԵՍԿՕ, Փարիզ, Ֆրանսիա)։
Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև Երևանի և Հայաստանի մարզերի ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Իրանի իսլամական հանրապետության Թավրիզի համալսարանի ֆիզիկայի, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառի երիտասարդ հետազոտողներ, դասախոսներ, մագիստրատուրայի ուսանողներ, հայցորդներ և ասպիրանտներ:
Գիտաժողովում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ երկրաչափական օպտիկա, լույսի ուղղագիծ տարածում, անդրադարձում և բեկում, ինտերֆերենցիա և դիֆրակցիա, մթնոլորտի օպտիկա, լինզաներ և աչքի օպտիկա, օպտիկական հաղորդակցություն, օպտիկական տվյալների փոխանցում։