ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի երիտասարդ խորհրդարանականները
07.11.2012
Լուսինե Փիրոյանը, Ներսիկ Մարգարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Հռիփսիմե Մկրտչյանն ու Լուսինե Առաքելյանը սովորում են Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում և բազմիցս աչքի են ընկել հասարարակական ակտիվությամբ:
131 անդամից կազմված Երիտասարդական խորհրդարանում հենց նրանք կլինեն Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները: Վերջիններիս շարքերը կլրացնեն ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների 39, հանրապետության բուհերի 50 և ինքնաառաջադրված 42 ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 6-ին մեծ հանդիսավորությամբ երիտասարդ խորհրդարանականներին վկայականներ հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդարանի անդամները, մինչև առաջին նիստի օրակարգին անցնելը, երդվեցին ԱԺ կանոնակարգի համաձայն:
Այնուհետև սկսվեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի քննարկումը՝ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն» եւ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը»:
Նշենք, որ Երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է 2004 թվականին՝ՀՀ-ում երիտասարդության վերաբերյալ օրենքների, նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն տալու, երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերի քննարկմանը երիտասարդների ակտիվ մասնակցությունն ապահովելու, երիտասարդ լիդերներ պատրաստելու նպատակով:
Երիտասարդական խորհրդարանի անդամները, ըստ հետաքրքրությունների ոլորտի և մասնագիտության, ընդգրկվել են տարբեր հանձնաժողովներում:
Ի դեպ, խորհրդարանի յուրաքանչյուր անդամ ունի իր աշխատանքային լիազորություններն ու պարտականությունները, որոնցում թերանալու կամ չկատարելու դեպքում դադարեցվելու է նրա գործունեությունն ու փոխարինվելու մեկ այլ ներկայացուցչով: