ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթական աջակցություն անապահով ընտանիքների երեխաներին
07.11.2012
Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «ՀՀ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների ապահովում» պիլոտային ծրագիրը:
Ծրագրին մասնակցում են Շենգավիթ համայնքի անապահով ընտանիքների շուրջ հարյուր աշակերտներ, որոնք, համաձայն կարիքների հետազոտման հարցաթերթի, ցանկություն են հայտնել կրթվելու տարբեր առարկաների գծով` բուհ ընդունվելու համար:
Համալսարանում ծրագիրն իրականացնում են տարբեր ֆակուլտետներից ընտրված դասախոսներ, մագիստրոսներ և ասպիրանտներ, որոնք, ի սկզբանե, պատրաստակամություն էին հայտնել ծրագրին մասնակցել կամավորական սկզբունքով:
Ծրագրի իրագործման ողջ ընթացքը համակարգում և վերահսկում են հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու դոցենտ Տիգրան Այվազյանն ու Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնը:
Ուսումնառության ընթացքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել գիտելիքների գնահատում և մոնիթորինգ:
Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, անգլերեն, պատմություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա և ինֆորմատիկա առարկաների գծով դասընթացները կանցկացվեն շաբաթ օրերին՝ ժամը 12.00-15.00: