Մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ասպարեզում լայն ճանաչում ունեցող գիտնական, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Սերգեյ Ադյանը Հայաստանում է: Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի մաթեմատիկական տրամաբանության բաժնի պետը նոյեմբերի 5-9-ը Մանկավարժականում է բուհի հրավերով:
Արդեն երկու օր է, ինչ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ, համալսարանի դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեն ունկնդրել ակադեմիկոս, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի պրոֆեսորի դասախոսությունները:
Յուրօրինակ վարպետության դասերի վերածված հերթական հանդիպմանը Սերգեյ Ադյանը խոսեց ՌԴ-ում միջնակարգ և բարձրագույն կրթության արդի վիճակի և զարգացման ուղիների մասին:

Վերջինս վստահ է` ոլորտում առկա խնդիրները նույնն են թե´ Հայաստանում, թե´Ռուսաստանում: Ակադեմիկոսն անընդունելի է համարում քննությունների փոխարեն թեստային համակարգի ներմուծումը, իսկ Բոլոնյան համակարգը համարում մոլորություն:
«Ես չգիտեմ` այդ համակարգն ինչ է, բայց տեսնում եմ դրա հետևանքով առաջացած անհեթեթությունները»,- ասում է գիտական հանրության մոտ լայն ճանաչում ունեցող ակադեմիկոսը:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցում տիրող վիճակին`Սերգեյ Ադյանն ընդգծեց տնօրեններ վերապատրաստող կառույցների անհրաժեշտությունը, ապա առաջնային համարեց նախքան երեխային կրթելը` նրան սովորեցնել մտածել, զատել ճիշտն ու սխալը:
Քննարկմանն անմասն չմնացին նաև ոլորտի հայաստանցի մասնագետները:
Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Համլետ Միքայելյանը խոսելով

անկախացումից ի վեր կրթական ոլորտում առկա խնդիրների մասին, վստահություն հայտնեց, որ անհրաժեշտ հայեցակարգն ու դասագրքերի շուկայում ազատ մրցակցությունը կնպաստեն նրան, որ ոլորտը կարողանա զարգանալ ինքնուրույն:
«Պետության շահը պետք է վեր դասել անձնականից և չմոռանալ, որ նախկինում կիրառական ողջ ոլորտը`այդ թվում մաթեմատիկան խարսխված էր ազգային արժեքների վրա»:
Հանդիպման ավարտին գիտության և հետբուհական կրթության գծով Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանն, արդեն դասական դարձած բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակ Սերգեյ Ադյանին հանձնեց բուհի 90-ամյահոբելյանը խորհրդանշող մեդալ:
Հիշեցնենք, որ նախորդ օրն ակադեմիկոսը հանդես էր եկել «Բերնսայդի պրոբլեմը» թեմայով զեկույցով:

Վերոնշյալ մեթոդն Ադյանը ստեղծել է իր ուսուցչի` ակադեմիկոս Պ.Ս. Նովիկովի հետ համագործակցության արդյունքում, որը միջազգային ասպարեզում ապահովեց խմբերի տեսության ոլորտում ռուսական մաթեմատիկական գիտության սրընթաց վերելքը:
Ի դեպ, պայմանավորվածության համաձայն` հաջորդ ուսումնական տարվա ընթացքում Սերգեյ Ադյանը Մանկավարժականի մագիստրոսների և ասպիրանտների համար կկարդա դասախոսություններ:
Նշենք, որ Սերգեյ Ադյանը ստեղծել և այսօր էլ ղեկավարում է Ռուսաստանի մաթեմատիկական առաջատար գիտական դպրոցներից մեկը: Նա ՌԴ Պետական մրցանակի, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության մրցանակի, ԽՍՀՄ ԳԱ Պ.Լ Չեբիշևի անվան մրցանակի, Ալեքսանդր Ֆոն Հումբոլդտի անվան մրցանակի դափնեկիր է:
1975 թվականին Սերգեյ Ադյանը պարգևատրվել է Աշխատանքային փառքի շքանշանով: Նա Երեւանի եւ Մոսկվայի մանկավարժական ինստիտուտների շրջանավարտ է: