ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Ես կարևոր եմ» խորագրով աշխատաժողովը։
Դեկտեմբերի 7-8-ն անցկացվող ձեռնարկի նպատակն է ոլորտի պատասխանատուներին հաղորդակից դարձնել նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանանակից մանկավարժական մոտեցումներին։
Աշխատաժողովին ներկա էին կրթության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պաշտոնական բացմանը հույս հայտնեց, որ աշխատաժողովը միջանկյալ կամփոփի նախադպրոցական ոլորտում կատարված աշխատանքները, կնախանշվեն խնդիրներն ու առաջիկա գործողությունները։
Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ կրթության ոլորտն իր բոլոր ասպեկտներով բարեփոխումների փուլում է՝ կրթական միջավայրի ապահովում, գույքի համալրում, կրթության բովանդակություն, մասնագետների, մանկավարժների կարողությունների զարգացում։ Նշեց՝ գործընթացներից անմասն չէ նաև նախադպրոցական ոլորտը․ բազմաթիվ ուղղություններով տարվող աշխատանքները միտված են դրա զարգացմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատաժողովը կարևոր հարթակ համարեց ներկայացնելու նաև այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները։ Նրա դիտարկմամբ՝ միջավայրի ապահովվածությունն ու համապատասխանությունը իրականացվող գործընթացներում որոշիչ են․«Եթե, հատկապես, խոսում ենք նախադպրոցականների մասին, ապա միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի։ Ներկայումս, ընթացքի մեջ է Կառավարության ծրագրերից մեկը, ըստ որի, մինչև 2026 թվականը կկառուցվի, կվերակառուցվի կամ կհիմնանորոգվի 500 մանկապարտեզ՝ գունեղ և իրենց չափանիշներով ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Դրանք պետք է ապահովեն առավել բարձ որակի կրթության արդյունավետություն։ Լիահույս ենք՝ առաջիկա տարիներին մանկապատեզների թվի մեծացմանը զուգահեռ, նախադպրոցական կրթությունը կլինի առավել հասանելի, մատչեի և որակյալ»,-նշեց նա։
Արաքսիա Սվաջյանը, անդրադառնալով կրթության հասանելիությանն ու մատչելիությանը, հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում նախադպրոցական կրթության որոշակի փուլ, այնուամենայնիվ, կդառնա պարտադիր․«Բազմաթիվ հետազոտություններ փաստում են՝ որքան շուտ է երեխան ներգրավվում կրթական համակարգում, այնքան դրական ազդեցություն է ունենում այն հետագա կյանքի, կրթության և, առհասարակ, կենսագործունեության որակի վրա։ Մեր կողմից իրականացվող տարատեսակ ծրագրեր միտված են այլընտրանքային մոդելներով ստեղծել ծառայություններ, որոնք հնարավորություն կտան նախադպրոցական կրթական հաստատություններ չունեցող բնակավայրերի երեխաներին ևս ընդգրկվել կրթության գործընթացում»։
Նա կարևորեց նաև կրթության բովանդակությունը, այդ համատեսքտում խոսեց նախադպրոցական և հանրակրթության ոլորտում ներդրվող նոր չափորոշիչների, մանկավարժների կարողությունների զարգացման մեխանիզմների և գործընթացի փոխկապակցվածության մասին։
Նախարարի տեղակալն ամփոփելով ելույթը նշեց՝ անելիքները շատ են, խնդիրները ևս․ վստահ է՝ կրթության որակի փոփոխությանը միտված բարեփոխումները հնարավոր կլինի իրագործել միայն մասնագետների աջակցության, օգնության և համատեղ ջանքերի շնորհիվ։
Մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Նա չափազանց կարևոր է համարում նախադպրոցական կրթության ոլորտը, որով էլ, ըստ նրա, պայմանավորված է երկրի անվտանգությունը, գործունության արդյունավետությունը, քաղաքացու արժեհամակարգի կերտումը։ Նկատում է՝ ոլորտում ցանկացած ներդրում վաղվա օրվա գրավականն ապահովող գործընթաց է։
Սրբուհի Գևորգյանը հավելում է՝ աշխատաժողովում Կառավարության, ոլորտի մասնագետների, ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի կողմից շեշտադրվում են կոնկրետ հարցեր, որոնց լուծումներն այսօրվա կարևոր հրամայականն են։
Հոգեբանական գիտությունների դոկտորը նկատում է՝ մեր երկրում չկան արված հետազոտությունների տվյալներ, որոնք բացահայտեն՝ ո՞վ է այսօրվա մանկության սուբյեկտը, երեխան, որի զարգացման, կրթության, սոցիալականացման համար պետք ստեղծել համապատասխան պայմաններ, ունենալ մեթոդական գործիքակազմ և սոցիալական միջավայրն ապահովող կոնկրետ հենք, որի արդյունքում էլ հնարավոր է խոսել խնդիրների լուծման գործընթացի մասին։
Սրբուհի Գևորգյանը հավելում է՝ կրթության ոլորտը նախևառաջ պետք է պատասխանի՝ ու՞մ ենք սովորեցնում, դաստիարակում, զարգացնում, ինչքանո՞վ ենք ճանաչում մանկության սուբյեկտին և ձևավորված ինչպիսի՞ մեթոդական գործիքակազմ ունենք․«Վերջին 30 տարում մանկության սուբյեկտը փոփոխվել է այնքան, ինչքան նախորդ հարյուրամյակում։
Վերլուծահամադրական գործընթացի մակարդակում երեխան գնում է կարճ, տեսանելի վիզուալիզացված գործողություն ապահովելու ուղղությամբ, ինչն էլ բերում է մի շարք խնդիրների։
Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ խնդիրներ կա նաև ծնողական համայնքի հետ․ ոչ բավարար գիտելքների պատճառով է նաև, որ երեխայի մոտ ի հայտ է գալիս էկրանային կախվածություն, նյարդահոգեբանական մի շարք շեղումներ։
Նա մտահոգիչ համարեց առողջապահական համակարգի վերջին տվյալները, ըստ որի, ՀՀ-ում երեխաների 56․4 տոկոսն ունի զարգացման լուրջ խնդիրներ։
Սրբուհի Գևորգյանը թվարկեց մի շարք գործոններ, որոնք ընդգծում են երեխայի՝ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու անհրաժեշտությունն ու հավելեց՝ սոցիալական այդ միջավայրը պետք է լինի նյութատեխնիկական բազայով ապահովված և իր գործունեությունը ծավալի մեթոդական, հոգեբանական, մանկավարժական չափանիշների հիման վրա։
«Վաղ տարիքի կրթությունը կարևոր է և՛ երեխաների, և՛ ծնողների, և՛ հասարակության համար։ Հետազոտությունները ցույց են տալիս՝ ինչքան կարևոր է ներդրումներ անել նախադպրոցական տարիքի երեխաների կրթության մեջ։ Եթե երեխային առաջին տարիներին չտրամադրենք զարգացման հնարավորություններ, նրանք շատ բան կկորցնեն»,-աշխատաժողովին նշեց Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։
Նրա դիտարկմամբ՝ այս պահին աշխարհում տասնյակ միլիոն երեխաներ կան, որ տարբեր պատճառներով չեն հաճախում նախադպրոցական հաստատություններ, իսկ երբեմն էլ հաճախում են ցածր մակարդակ ունեցող երեխաների զարգացման հաստատություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նկատել է աշխարհում հաջողված 4 տիպի մոդելներ, որոնցում մեծ ներդրումներ են արվում։
Բանախոսը նկատեց նաև, որ միայն ենթակառուցվածքները նշելը բավարար չէ․ պետք է հաշվի առնել նրանց բովանդակային գործունեությունը ևս։
Սիլվիա Մեստրոնին խոսեց խոցելի խմբերին նախադպրոցաան հաստատություններում ավելի ակտիվ ներգրավելու անհրաժեշտության, միջգերատեսչական համագործակցության կարևորության մասին և հույս հայտնեց, որ երկօրյա աշխատաժողովը կդառնա վերոհիշյալ հարցերի քննարկման հարթակ։
Վերջին տարիներին նախադպրոցական ոլորտում կատարվող աշխատանքների և ցուցաբերվող աջակցության մասին խոսեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որին ներգրավված է նաև այդ հիմնադրամի աշխատակազմը։
Անդրադառնալով ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նկատեց՝ դպրոցն ավելի ուժեղ կլինի, եթե նախադպրոցական հաստատությունից ավելի զարգացած երեխաներ ընդունի։
Արտաշես Թորոսյանը կարևորեց նախադպրոցական հասատոտությունների աշխատակիցների և ղեկավար կազմի պոտենցիալը, կատարած աշխատանքն ու այն հնարավորությունները, որոնք կծառայեն ոլորտի զարգացմանն ու երեխաների ձևավորմանը։
Դիմելով նախադպրոցական հաստատությունների տնօրեններին՝ նշեց՝ իրենց փորձագետներն ուսումնասիրում են նրանց փորձը, համակարգում աշխատանքները, սակայն ոլորտի ինտենսիվ զարգացման համար ակնկալում է նրանց առավել ակտիվ մասնակցությունը։
Արտաշես Թորոսյանը կարևորեց նաև տրանսֆորմատիվ կրթությունը, որի շնորհիվ ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև փոխանցում մյուսներին։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանն էլ անդրադարձավ նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների համակողմանի զարգացման հնարավորություններին, համընդհանուր ներառական կրթության զարգացմանը, խոսեց տարբեր խնդիրների ու խոչընդոտների մասին, միաժամանակ կարևորելով տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնների համագործակցությունը։
«Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որոնք կապահովեն այդ երեխաների զարգացումը»,-ընդգծեց նա։
Երևանի և մարզերի նախադպրոցական ոլորտի մի խումբ աշխատողներ շնորհակալագրեր ստացան՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման և կրթական հիմնական ծրագրերի փորձակման գործընթացին աջակցելու համար։
Աշխատաժողովում անդրադարձ եղավ նախադպրոցական կրթության չափորոշչային պահանջներին, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառմանը, ոլորտի կառավարման համակարգին, թեմատիկ ուսուցման, բազմասենսորային ուսուցման էությանն ու կիրառման ձևերին և այլն։
Աշխատաժողովը կշարունակվի վաղը։