ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ներառական կրթությունը սոցիալական հասարակություն ունենալու ամուր հիմքն է»
13.10.2016
«Ներառական կրթությունը սոցիալական հասարակություն ունենալու ամուր հիմքն է»

Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային աշխատաժողովը: Այն պաշտոնապես ազդարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի և ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի համագործակցության մեկնարկը:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ Մինեսոտայի և Քոնքորդի համալսարանների փորձագետներ, ԱՄՆ դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ներառական դպրոցների, վերականգնողական կենտրոնների, առաջատար ՀԿ-ների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, Հայաստանի մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ, ՀՊՄՀ-ի դասախոսներ և ուսանողներ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ անդրադառնալով մեր երկրում 2000 թվականից ներառական կրթության բարեփոխումների ընթացքին ու խնդիրներին, նկատեց. «2014 թվականին «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ մինչև 2025 թվականը անցումը համատարած ներառական կրթությանը, մեզ համար ունի գերկարևոր նշանակություն, որն առաջ է բերել բազում խնդիրներ: Դրանցից ամենաբարդը հասարակության բարոյահոգեբանական խնդրի լուծումն է. հասարակությունը, նրա տարբեր շերտերը պետք է պատրաստ լինեն լուծելու դրանք, քանի որ խնդիրը բոլորինս է»: Ռեկտորը հավելեց, որ կարևոր է նաև մասնագիտական բարձր ունակություններ ունեցող կադրերի պատրաստումը, քանի որ համաձայն որոշումների՝ հատուկ կրթություն իրականացնող հաստատությունները պետք է դառնան մանկավարժա-հոգեբանական կենտրոններ:

Ռուբեն Միրզախանյանը կարևորեց ԱՄՆ-ի խոշորագույն հաստատություններից մեկի՝ Մինեսոտայի համալսարանի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներին կփոխանցվի ներառական կրթության կազմակերպման միջազգային փորձը, կիրականացվեն կրթական ծրագրերի և ֆակուլտետում դասավանդվող առարկաների բովանդակության վերանայում և այլ բարեփոխումներ: Գործընկերության շրջանակներում, միջազգային խորհրդատվության և տեխնիկական աջակցության շնորհիվ կամրապնդվեն ՀՊՄՀ-ի կրթական, հետազոտական, ինչպես նաև ներառական կրթությանը արդյունավետ աջակցելու կարողությունները, Հատուկ կրթության ֆակուլտետին առընթեր կհիմնադրվի ներառական կրթությանը աջակցող կլինիկա (լաբորատորիա):

Ռեկտորը բարձր գնահատեց Մանկավարժականի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանի աշխատանքն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը, որի շնորհիվ միայն հնարավոր եղավ հասնել նման համագործացության:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց միջազգային աշխատաժողովի անցկացումն ու ներառական մտածողության տարածումը հասարակության մեջ:
Նախարարը նկատեց, որ տարիներ առաջ սկսված գործընթացը սկզբում մեծ դիմադրության հանդիպեց, սակայն երկարատև և լուրջ ճանապարհ անցնելուց հետո, այսօր ԱՊՀ տարածքում հասարակական մտածողության մակարդակով ամենահանդուրժողը հենց Հայաստանն է.«Ներառական կրթությունը պետք է դիտարկել առավել լայն, քան միայն հաշվադամություն ունեցող մարդկանց հասարակությունում ներառելն է: Սիրիահայերին հանրակրթական դպրոցական համակարգում ներառելը, կրթական համակարգում կանանց իրավահավասարությունը նույնպես ներառականություն է»:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ նախարարությունը փորձում է արմատապես փոխել կառուցվածքային ձևաչափը՝ հատուկ դպրոցներից անցում կատարելով դեպի բժշկա-հոգեբանական ծառայություն իրականցնող կետրոնների և այլն. «Ձևաչափն արդեն կա, աշխատում են սրտացավ մարդիկ. մենք պետք է կարողանանք քայլ առ քայլ կառուցվածքային լուծումների ձևաչափով ներառականությունն ընդգրկել ոչ միայն հանրակրթական, այլև բարձրագույն կրթական համակարգ: Ներառականությունը դիտարկելով իբրև հասարակական մտածողության ձև՝ հնարավոր կլինի լուրջ որակական փոփոխությունների հասնել»:

ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանին ոլորտի բանիմաց մասնագետներ պատրաստելու համար՝ ընդգծելով, որ բուհի աշխատանքն այդ հարցում անգնահատելի է. «ՀՀ_ում պետք է ապահովել դրական մթնոլորտ այս ծրագրի զարգացման համար. չշտապենք, բայցև չուշանանք, փորձենք հնարավորության սահմաներում քայլ առ քայլ գնալ խնդիրների լուծմանը: Այս ծրագրում առանց միջազգային մասնագետների օգնության հնարավոր չէ: Աշխատաժողովը կարևոր է, իսկ ամերիկյան մեր գործընկերների փորձի կիրառումն օգտակար՝ հասկանալու, որ ներառականությունը քաղաքակրթական որոշակի հիմք ունի. այն հասարակությանը դարձնում է հանդուրժող»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը ներառական կրթության ոլորտում կարևորեց երկու հիմնախնդիր՝ երեխաների կարիքների ճիշտ գնահատում և համապատասխան կրթություն ստացած մանկավարժական կադրերի ապահովում: Փոխնախարարն իր խոսքում ընդգծեց նաև, որ երեխաների կրթական իրավունքի խնդիրները վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ ներառական կրթությունը սոցիալական հասարակություն ունենալու ամուր հիմքն է:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյտենն իր երախտագիտությունը հայտնեց բուհի ղեկավարությանն ու Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին արդյունավետ աշխատանքի, իսկ երկրի Կառավարությանը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների իրավունքները պաշտպանելու հանձնառությունը ստանձնելու համար:

«Ներկայումս Հայաստանը փոխակերպում է հաշմանդամությունը որոշելու և գնահատելու իր համակարգը, որի նպատակն է անցում կատարել ԱՀԿ-ի միջազգային դասակարգման գործառույթների հաշմանդամության և առողջության մոդելին»,-նշեց Լիվ Էլին Ինդրեյտենն ու վստահեցրեց, որ ներառական կրթությունը կարևոր է բարձրորակ կրթություն ապահովելու տեսանկյունից նաև մյուս սովորողների համար:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի կարծիքով՝ համագործակցությունը Մինեսոտայի համալսարանի հետ կստեղծի տեղական և միջազգային մասնագետների քննարկումների, փորձի փոխանակման հարթակ, որտեղ կգտնվեն միջազգային չափանիշներին համապատասխան և տեղական կարիքներին հարմարեցված լուծումներ. «Հայաստանն այս ոլորտում երկար ճանապարհ ունի անցնելու և լուրջ անելիքներ կրթական բոլոր մակարդակներում»:

ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը դեսպանության անունից իրենց մշտական աջակցությունը հայտնեց ներառական բոլոր այն ծրագրերին, որոնցից կշահեն երկրի խոցելի երեխաները: Փոխդեսպանն անդարդարձավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետում միջազգային փորձագետների դասախոսություններին, հետագա համագործակցությանը և խոստացավ այլ ձեռնարկներով ևս բարձրացնել ներառական կրթության վերաբերյալ իրազեկվածությունը:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ևս կարևորեց կոնֆերանսի անցկացումը և հպարտությամբ նշեց, որ Հայաստանը խորհրդային երկրներից առաջինն էր, որ անդրադարձավ ներառական կրթության համակարգին: Խոսելով երեխաների իրավունքների մասին՝ Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ խախտելով երեխաների իրավունքները՝ խոչընդոտում ենք հասարակության ամուր հիմքերի ստեղծմանը:

«Քննադատություններ եղել են և կլինեն, սակայն պետք է ուսումնասիրենք աշխարհի լավագույն փորձը և մեր երկրին բնորոշ առանձնահատկությունների հիման վրա ստեղծենք ներառական կրթության մեր մոդելը»,-նշեց Արա Բաբլոյանն ու կարևորեց նաև երկրի միջգերատեսչական համագործակցությունը՝ վստահեցնելով, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ անելիք ունի՝ խնդրի վաղ հայտնաբերումից մինչև լիարժեք կրթության ապահովում՝ մաքսիմալ աշխատանք տանելով խտրականությունը վերացնելու ուղղությամբ:

Վերջինս Մանկավարժական համալսարանի ռեկտորին առաջարկեց մոդել ստեղծելիս, որպես կրթական բազա, աշխատանքներ իրականացնել մանկապարտեզ-դպրոց, ապա նաև բուհ շղթայով:

«Կրթության առանձնահատուկ խնդիրներ ունեցողների կրթության իրավունքն ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց անդամագրված է նաև Հայաստանը. պետք է դիմել հեղափոխական փոփոխությունների»,-նշեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ու վստահեցրեց՝ երկրի Կառավարությունը ձեռնարկում է քայլեր, որ անցումը լինի անցնցում:

ՄԱԿ-ի մանկական հիմադրամի ներառական կրթության ավագ փորձագետ Պաուլա Հանթը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի՝ ներառական կրթության մասին արձանագրությունը՝ ընդգծելով, որ հռչակագիրը չի առաջադրում նոր իրավունքներ, սակայն վերահաստատում է արդեն գոյություն ունեցողները և հավելյալ պարտավորություններ սահմանում Կառավարության համար՝ երաշխավորելով դրանց իրականացումը:

«Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթական համակարգից, և ցանկացած նման օրենսդրություն պետք է անվավեր ճանաչվի: Ներառական կրթությունը պահանջում է փոփոխություն ողջ կրթական համակարգում և հանձնառություն՝ ուղղված ողջ համակարգի հասանելիությանը»,-նշեց Պաուլա Հանթն ու հավելեց, որ պետությունը պետք է ապահովի 3 տեսակի օգնություն՝ խելամիտ հարմարեցումներ, անհատականացված աջակցման ծրագիր և ընդհանուր աջակցություն:

ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի փորձագետ, գիտությունների դոկտոր Քրիս Ջանստոունն էլ իր զեկույցում անդրադարձավ հաշմանդամության մասին աշխարհի ունեցած պատկերացումներին, ներկայացրեց, թե ինչպես է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնութագրում հաշմանդամությունը՝ սոցիալական և միջավայրային պրիզմայով և այլն: Կարևորելով ներառական կրթության դերը՝ դոկտորը մեջբերեց Լև Վիկոցկու խոսքերը. «Անուշադրության մատնված ու իր բնական զարգացմանը թողնված խուլ ու համր երեխան երբեք չի սովորի խոսել, իսկ կույր մարդը երբեք չի կարողանա գրել։ Այս դեպքում օգնության է գալիս կրթությունը՝ ստեղծելով արհեստական, մշակութային եղանակներ, այսինքն մշակութային նշանների ու սիմվոլների մի հատուկ համակարգ, որոնք հարմարեցված են ոչ նորմալ երեխայի հատուկ հոգե-ֆիզիոլոգիական առանձնահատկություններին»:

Աշխատաժողովի համընթաց կլոր սեղանների շուրջ միջազգային և հայաստանյան փորձագետները քննարկեցին և համեմատական վերլուծության ենթարկեցին 4 գերակա թեմաներ՝ Մանկավարժական համալսարանի դերը ներառական կրթության բարեփոխումների ոլորտում, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատումն ու անհատական ուսումնական պլանները, նրանց աջակցման մեխանիզմները, լոգոպեդիայի տեսական և գործնական խնդիրները:

Ամփոփելով արդյունքները՝ Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը վստահեցրեց, որ աշխատաժողովն ունեցավ դրական արդյունքներ. կլոր սեղաններն անցան բազմամարդ  լսարաններում, բուռն քննարկումներով և վերհանեցին կարևոր հիմնախնդիրներ: Դեկանի կարծիքով՝ առաջիկա կարևորագույն անելիքներից մեկը ուսուցիչների պատրաստման գործընթացում այլ մասնագիտությունների վրա ևս կենտրոնանալն է, որպեսզի ներառական կրթության գաղափարախոսությամբ շրջանավարտի պատրաստումը չլինի միայն Հատուկ կրթության ֆակուլտետի անելիքը:

«Յուրաքանչյուր առարկայի դասավանդման հիմքում պետք է ընկած լինի ներառականության գաղափարը, որ ավարտելիս արդեն ապագա մանկավարժն իմանա՝ բոլոր երեխաների բոլոր խնդիրները բոլորինս են»,-նշեց Արմինե Ավագյանն ու հավելեց, որ աշխատաժողովի արդյունքներից սկիզբ առավ մի կարգախոս, որ ամբողջովին նկարագրում է ոլորտի անելիքները. «Եթե ուզում ենք իրականացնել որակյալ ներառական կրթություն, ապա պետք է իմանանք, գործենք և հավատանք»: