Այսօր մեկնարկեց «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի աշխատանքը։ Այն կազմակերպել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն ու Հայկական պետական մանկավարժական համալսարանը։
Հուլիսի 1- 4-ն անցկացվող աշխատաժողովն այս տարի առաջին անգամ ընթանում է նաև առկա ձևաչափով։
Այն համախմբել է Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, աշխարհի տարբեր անկյուններից՝ ներառական կրթությամբ շահագրգիռ կողմերին․ առկա ձևաչափով աշխատանքներին գրանցվել է շուրջ 700 մասնակից, որոնց հետաքրքիր են ոլորտի առկա խնդիրները, ժամանակակից մոտեցումներն ու լուծումները։
«EduArmenia» -ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանն առանձնահատուկ կարևորում է աշխատաժողովի մեկնարկը ՀՊՄՀ-ում․ դարբնոց, որտեղ կերտվում են ապագայի ճարտարապետները։ Մասնագետներ, որոնք պետք է լինեն գնահատված, ուժեղ՝ ամուր և կայուն ապագա ստեղծելու համար։
Լիլիթ Մկրտչյանը նկատում է՝ յուրքանչյուր տարի աշխատաժողն իր առջև դնում է տարբեր խնդիրներ․ այս տարի առանձնացրել են համագործակցությունն ու ներառական կրթությունը․ համագործակցում են ոչ թե անհատ փորձագետները, այլ կառույցներն՝ ի դեմս Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՀՊՄՀ-ի։
Բանախոսը հույս հայտնեց, որ խառը ձևաչափով ընթացող աշխատաժողովում հնչած ելույթները, գաղափարներն ու աշխատանքային գործիքները կտեղափոխվեն գործողությունների դաշտ՝ ծառայելով պետության կայացմանը։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ ներառական կրթության հիմնախնդիրը շատ ավելի բարդ է, խորքային և լայնածավալ․այդ են վկայում նաև ծրագրում ընդգրկված թեմաների բազմազանությունը։
Պրոֆեսոր Գևորգյանը, որպես սոցիալական հոգեբան, հիմնախնդիրը կարևորում է հասարակության ներառման համատեքստում և վստահեցնում ՝ իր ղեկավարած կառույցի կրթական բարեփոխումների ծրագրերում ներառական կրթությունն առաջնահերթություն է․ «ՀՊՄՀ-ն այս հարթակում էլ ներկայացված է մասնագիտական, փորձագիտական, ուսանողական ողջ համակազմով։ Մանկավարժականը, լինելով հատուկ մանկավարժներ պատրաստող միակ կրթական կառույցը երկրում, տևական ժամանակ է համագործակցում է միջազգային առաջատար հաստատությունների հետ՝ իրականացնելով մեթոդական և փորձագիտական լուրջ աշխատանք»,- ընդգծեց ռեկտորը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նկատում է՝ ներառականությունը կրթության համակարգի առանցքային ոլորտներից է, ապա ընդգծում՝ եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կրթություն, պետք է պատրաստ լինենք համընդհանուր ներառման՝ հաշվի առնելով բոլոր երեխաների առանձնահատկությունները, դպրոցներն էլ դարձնելով հասանելի, մատչելի և ներառական։
Փոխնախարարը խոսեց ոլորտում նպատակային ֆինանսավորման և ինստիտուցիոնալ այլ փոփոխությունների կարևորության մասին։ Նա կարևորեց Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը, առանց որի հնարավոր չի լինի պատրաստել կադրեր, որոնք ի զորու կլինեն դպրոցներում լուծել այս խնդիրները․«Առանցքային է, որ մանկավարժական կրթությունը քայլի կրթական բարեփոխումներին համընթաց, աջակցի գիտական հետաոզություններին՝ դառնալով այդ լուծումներն առաջարկող առաջամարտիկ։ Մեկդարյա բուհն է պատվով կատարել և կկատարի այս գործառույթը, իսկ նախարարությունը հետագա բարեփոխումների գործընթացում կփոխառի աշխատաժողովում ներկայացված հետաքրքիր ու բովանդակային գաղափարները»,-հավելեց նա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը վստահ է՝ ունենք կայուն գործընթաց՝ ներառականության սկզբունքը կրթության մեջ առաջ տանելու համար։ «Ներառականությունը վերջնարդյունք չէ, այլ գործընթաց»,- նշում է բանախոսն ու հույս հայտնում, որ աշխատաժողովի մասնակիցները կհեռանան՝ հարստացած գիտելիքներով ու փորձով։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կարևոր գաղափարի շուրջ համախմբվելու համար, ապա անդրադարձավ նախադպրոցական կրթական հաստատություններում համընդհանուր ներառման գործընթացի կարևորությանը։ Նա տեղելացրեց, որ գործընթացում կընդգրկվեն նաև ծրագրում չներառված ավագ դպրոցներն ու բուհերը․համընդհանուր ներառականությունը ենթադրում է բոլոր օղակների մասնակցությունն ու ապահովումը գործընթացին։
Բանախոսը կարևոր քայլ համարեց նաև հատուկ դպրոցների վերակազմակերպումը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և հավելեց՝ ունենք կրթության որակի փոփոխության և լիարժեք մասնակցային ներառման կարիք։
ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը կարևորեց խնդրով մտահոգ մասնագետների ակտիվ մասնակցությունը աշխատաժողովին։ Ուրախ է, որ նրանց շարքում նաև բուհի շրջանավարտներն են․հույս ունի, որ վերջիններս կկերտեն ուսուցչի այն կերպարը, որը կդառնա երկրի կարևորագույն սյունը։
Պրոռեկտոր Հարությունյանը խոսեց բուհի ներառական կրթության քաղաքականության մասին և վստահեցրեց՝ քայլում են բարեփոխումներին համընթաց, ծրագրերն էլ համահունչ դարձնում ժամանակի պահանջին։
Ներառական կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից մինչև համընդհանուր ներառում․ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանը նկատում է՝ ներառումը պահանջում է երեխա, ծնող, մանկավարժ եռակողմ մասնակցություն։ Հանուն երեխայի, նրա իրավունքների պետք է համագործակցեն բոլոր կողմերը։
«Ներառականությունը կարող է լինել իրական, եթե խոսում ենք սոցիալական լայն կոնտեքստի մասին»,- ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի դիտարկումն է։ Վերջինս ընդգծում է՝ ներառականությանը պետք է վերաբերել որպես շարունակական գործընթաց, որ դառնա իրողություն։
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը խոսեց ոլորտի խնդիրների մասին և կարևորեց բոլոր աշակերտների համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, իսկ «EduArmenia» համահայկական գիտակրթական համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը համընդհանուր ներառման համատեքստում կարևորեց արժեհամակարգի ձևավորումն ու ամփոփեց՝ հավաքվել ենք իրականացնելու մրցունակ և կայուն փոփոխություններ։
«EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի աշխատանքեր շարունակվեցին մասնախմբերում։
Բանախոսներն անդրադարձան բուհական համակարգում ներառական կրթության մարտահրավերներին և հնարավորություններին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ընտանիքի դերին, մարտահրավերներին ու պարտականություններին, տարբերակված ուսուցմանը, ուսուցման գործընթացում դասավանդման ներառող ռազմավարության կիրառմանը, լոգոպեդական աշխատանքում զարգացնող տեխնոլոգիաների կիրառմանը, Յունիսեֆի իրականացրած ծրագրերին և այլն։
Աշխատաժողովը կշարունակվի մինչև հուլիսի 4-ը․կլինի 120 ելույթ, նաև առցանց հանդիպումներ։