«Դուք եք մեզ պատվիրում, թե դատիարակի ինչպիսի մոդել է անհարժեշտ: Ներկայացրեք «պատվերը» և կվերանայենք ուսումնական պլանները, կանենք անհրաժեշտ փոփոխություններ. մենք ունենք միմյանց կարիքը»,-այսօր «ՀՀ նախադպրոցական կրթական համակարգի արդի հիմնահարցեր» խորագրով կլոր սեղանի ընթացքում նշեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին բուհի պրոֆեսորադասխոսական կազմը, նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, մասնագետներ՝ համատեղ քննարկելու ոլորտի առաջնահերթ և խնդրահարույց հիմնախնդիրներ:
Պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն անդրադարձավ ընտանիքներում, հասարակության մեջ և մանկապարտեզներում առկա և դեռևս չլուծված հիմանխնդիրներին՝ վստահեցնելով՝ անհրաժեշտ է աշխատել միասին, քանի որ գործը դժվարացել է կրկնակի. պետք է աշխատել ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ:
«Յուրաքանչյուր հասարակություն կարելի է գնահատել այն սկզբունքով, թե ինչպես է այդ հասարակությունն արժևորում երեխաներին և ծերերին. ինչպես հիմքը դնենք մանկապարտեզում, այնպես էլ կլինի հետագա ընթացքն ու արդյունքները»,-նշեց պրոֆեսորն ու ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց մանկապարտեզների կրթադաստիարակչական աշխատանքի, չփոփոխվող դասացուցակների և երեխաներին գիտելիքներով գերծանրաբեռնելու խնդիրների վրա:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ վստահեցրեց, որ ՀՊՄՀ-ում խիստ կարևորվում են նախադպրոցական կրթության հիմնախնդիրները. նախ այն ոլորտի մասնագետներ պատրաստող հիմնական բուհն է, ապա հստակ գիտակցում է, որ ներկայիս հասարակության դիմագիծը պայմանավորված է այն մեթոդների և ուղիների փնտրտուքով, որոնք նախադպրոցական հաստատություններում ապահովում են երեխաների կրթադաստիարակչական գործընթացը:
«Փոխվում են ծրագրեր, վերանայվում չափորոշիչներ, անդրադարձ կատարվում դաստիարակության գործընթացին՝ չնկատելով, որ ժամանակակից աշխարհը ագրեսիայի ավելացման հստակ պատկեր ունի: Դիտարկելով երեխայի վրա արտահայտված ներգործուն սոցիալական գործոնները՝ պարզ երևում են Երկիր մոլորակում կատարված փոփոխությունները»,-նշեց պրոռեկտորն ու վստահեցրեց, որ փորձառու և բանիմաց մանկավարժներն են կերտելու վաղվա երիտասարդի այն դիմագիծը, որի մասին երազում է յուրաքանչյուր ծնող:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն էլ հույս հայտնեց, որ կրթական պատվերի հիման վրա հնարավոր կլինի ձևակերպել առավել արդյունավետ համագործակցություն, կվերհանվեն կոնկրետ խնդիրներ և դժվարություններ՝ փորձելով գտնել դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Նրա կարծիքով՝ երեխաներին պետք է սիրեն բոլորը, և ճիշտ չէ նրանց հանդեպ սերը դիտարկել մանկավարժի մասնագիտական որակ. «Գործը մասնագետներինն է, որոնք երեխաների հետ պետք է աշխատեն սիրով և պրոֆեսիոնալ մոտեցումներով»:
Կլոր սեղանի ընթացքում Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոսներն անդրադարձան նախադպրոցականի դաստիարակության ժամանակակից մոտեցումներին, նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության կազմակերպման առանձնահատկություններին, կրթադաստիարակչական աշխատանքի կազմակերպման խնդիրներին և ոլորտի տարբեր կառույցների համագործակցությանը:
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ Սվետլանա Մարությանի կարծիքով՝ չնայած հանրակրթության ոլորտն իր բոլոր օղակներով բարեփոխումների լուրջ շրջան է ապրում, սակայն խնդրահարույց շատ հարցեր դեռ արմատական լուծման կարիք ունեն: Դիմելով տարբեր հաստատությունների ներկայացուցիչներին՝ ամբիոնի վարիչը վստահեցրեց, որ նախադպրոցական կրթությունը պահանջում է ոլորտի մի շարք կառույցների շղթայական համագործակցություն, որոնց բոլորի նպատակը մեկն է՝ կերտել ինքնուրույն, ստեղծագործող և վերլուծական մտածողությամբ անհատ:
Իրենց դիտարկումները ներկայացրին ոչ միայն վաստակաշատ և փորձառու, այլև երիտասարդ և բանիմաց տնօրեններ, մանկավարժներ, ոլորտի մասնագետներ, որ իրենց աշխատանքում յուրաքանչյուր օր բախվում են վերհանված խնդիրներին:
Նրանք բարձր գանահատեցին Մանկավարժական համալսարանում այդ ուղղությամբ տարվող բարեփոխումներն ու հույս հայտնեցին, որ բուհի գիտական յուրաքանչյուր նվաճում իր շոշափելի արդյունքը կունենա նաև նախադպրոցական հաստատությունների պրակտիկ գործունեության մեջ:
Ձեռնարկն ամփոփվեց մշակութային ցերեկույթով. հյուրերին ողջունեցին բուհի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Ավե Մարիա» իգական երգչախումբը, ջութակահարների անսամբլը, ցուցադրվեցին ուսանողների ձեռագործ աշխատանքները: