Մանկավարժական համալսարանի ռեկտորատի նիստում ներկայացվեց ERASMUS+ BOOST՝ Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում ծրագրի ընթացքը:
Ծրագիրը, որի համակարգողը Խ. Աբովյանի անվնա հայկական պետական մանկավարժական համալսարանն է, նպատակ ունի նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:
ՀՊՄՀ-ի ռեկտորատի անդամները ծանոթացան ծրագրի խնդիրներին, ինչպես նաև մինչ օրս կատարված աշխատանքներին, մասնավորապես՝ ուսումնասիրվել է բարձրագույն կրթության միջազգայնացման եվրոպական և հայաստանյան բուհերի փորձը, առկա ռեսուրսները և խոչընդոտները, քննարկվել և առանձնացվել են ՀՀ բարձրագույն կրթության միջագայնացման խնդիրները, մշակվել ՀՀ բուհերի միջազգայնացման համար բենչմարքինգի ցուցիչները:
Ծրագրի շրջանակներում բարելավվել են համալսարանների միջազգայնացման ռազմավարական ծրագրերը, հավաքագրվել ՀՀ և ԵՄ մասնակից բուհերի միջագայնացման լավագույն փորձը:
Բուհի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նաև ծրագրի շրջանակներում նախատեսված անելիքները՝ առանձնացնելով ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման համար ազգային հարթակի մշակումն ու բենչմարքինգի ցուցիչների ինտեգրումը, հայաստանյան մասնակից բուհերի միջազգային համագործակցության բաժինների ստեղծումը, աշխատանքների բարելավումը՝ գործառույթների սահմանման և անհրաժեշտ ընթացակարգերի մշակման և ներդրման միջոցով: Մարիանա Հարությունյանն առաջիկա անելիքներում կարևորեց նաև մասնակից հաստատությունների կարողությունների զարգացումը, այլ բուհերի միջև փորձի տարածումն ու ինստիտուցիոնալ մարքեթինգային ռազմավարությունների մշակումը:
Նշենք, որ ERASMUS+ BOOST ծրագրի հայաստանյան գործընկերներն են Հայաստանի ամերիկյան, Շիրակի պետական, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կրթության և գիտության նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: