Այսօր Մանկավարժական համալսարանում էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան:
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը Գուզենկովային ներկայացրեց, որպես Ռուսաստանի քաղաքական գործընթացների և ամենաարդիական թեմաների շուրջ տարբեր վերլուծություներով հանդես եկող կարկառուն մասնագետ, իսկ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը՝ ՌԴ-ի առաջատար գիտավերլուծական կենտրոն, որն իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում երկրի վերլուծական կյանքում:
Թամարա Գուզենկովան, նախքան իր հիմնական ելույթը, անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը, ընդգծելով՝ ինստիտուտում վստահ են՝ իր բացասական դերն է ունեցել Թուրքիան, ինչը կապված է Սիրիայում տիրող իրավիճակի և դրանում Ռուսատանի դերակատարման հետ:
Վերջինս հույս հայնտեց, որ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կպահպանվի, իսկ խնդիրները կլուծվեն քաղաքական դաշտում:
Հյուրը Պատմության և իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեց «Եվրասիական ինտեգրացիայի արժեքային կողմնորոշիչները» թեմայով զեկույց, նկատելով, որ ինստիտուտի հայ գործընկերների հետ զբաղվում են մի շարք հարցերի վերլուծությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրման վերաբերյալ խնդիրներով.«Հայաստանը, որպես ինտեգրացիոն գործընկեր, չափազանց կարևոր է և նշանակալի.սա այն երկիրն է, որտեղ Ռուսաստանն ունի ամուր քաղաքական, ռազմական, տնտեսական կապեր, իսկ արժեքավոր պոտենցիալը թույլ է տալիս համագործակցել և իրականացնել լուրջ ծրագրեր՝ տարբեր ոլորտներում:
Թամարա Գուզենկովան իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ նաև Եվրասիական միության մեջ ընդգրկված երկրներից յուրաքանչյուրի դերին, աշխարհաքաղաքական դաշտի կոնֆլիկտներին և քաղաքական-տնտեսական շահերի բախմանը՝ նկատելով, որ պետք է լուրջ դասեր քաղել, իսկ ծագած խնդիրները լուծել քաղաքական համատեքստում:
Հանդիպման ավարտին ներկաները հյուրին ուղղեցին հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի դերի, Ռուսաստանի և Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչման հնարավորությանը, Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ինստիտուտի գործունեությանը:
Ռուբեն Սաֆրաստյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր ու բովանդակալի ելույթի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամությունն անկեղծ է, իսկ ՌԴ-ը մեր եզակի ռազմաքաղաքական դաշնակիցն է: