ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց հաղորդակցման սոցիալ֊հոգեբանական մեխանիզմները
28.02.2023
Ներկայացվեց հաղորդակցման սոցիալ֊հոգեբանական մեխանիզմները

ՀՊՄՀ-ի և ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  միջև կնքված համագործակցության հուշագիրն արդեն իսկ իր գործնական կիրառումն ունի։

Ռազմական բուհի կուրսանտներն ու ՀՊՄՀ  սոցիալական մանկավարժության 2-րդ կուրսի ուսանողներն  այսօր  մասնակցեցին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի դասախոսությանը։

ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն,  պրոֆեսոր Վարդանյանը հոգեբանության համատեքստում ներկայացրեց հաղորդակցման սոցիալ֊հոգեբանական մեխանիզմները և կիրառման առանձնահատկությունները զինվորական ստորաբաժանումներում և հրամանատարական գործունեության համատեքստում:

Բանախոսը թեմայի ընտրությունը պատահական չի համարում․ մի շարք գիտությունների հիմքում  այն ունի առանցքային նշանակություն։

Խոստանում է՝ թեման ոչ այնքան տեսական, որքան կիրառական նշանակություն կունենա։

Նա իր երկույթում անդրադարձավ հաղորդակցման ձևերին,  հնարավոր խոչընդոտներին՝  տարբեր սոցիալական խմբերում և հոգեվիճակներում, ինչպես նաև  մանկավարժական և  զինվորական գործունեության ընթացքում հաղորդակցման առանձնահատկություններին, դժվարություններին, ռիսկերին, հետևանքներին, դրանց կանխարգելման ու հաղթահարման սոցիալ֊հոգեբանական ուղիներին։

Պրոֆեսորը դասախոսության ընթացքում խոսեց նաև  հոգեբանության՝ որպես  գիտության, հոգեբանական գիտելիքների տիրապետման կարևորության, հոգեկանի  մասին։ 

Կամո Վարդանյանը վստահ է՝ հոգեբանությունը գիտություն է երջանկության մասին․ այն օգնում է ճիշտ հարաբերակցվել, ինքնադրսևորվել, տիրապետել ներգործման մեխանիզմներին  և բացահայտել մարդուն․ «21-րդ դարի հոգեբանությունը պետք է հիմնված լինի ոչ թե ենթադրությունների վրա, այլ լինի  ապացուցողական»,-նշեց Վարդանյանը։

Դասախոսությունն ընթացավ երկխոսության ձևաչափով․ ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան։  

Ի դեպ, ռազմական բուհի ուսանողներն այցելեցին նաև ՀՊՄՀ թանգարան, ծանոթացան մեկդարյա բուհի հարուստ պատմությանն ու ժամանակագրությանը։

ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը վստահ է՝  դասախոսությունն արդյունավետ կլինի զինծառայողների, ապագա սպաների համար։  Հոգեբանական գիտելիքները, հաղորդակցման  հմտություններն  ու կարողություններն անհրաժեշտ կլինեն ինչպես միջանձնային փոխհարբերությունների, այնպես էլ  զինվորական ստորաբաժանումները  ղեկավարելու տեսանկյունից։

Նշենք, որ Մանկավարժական և ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանների միջև կնքված  համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը համագործակցում են  ուսումնադաստիարակչական և գիտակրթական բնագավառներում, որի նպատակն է նաև ուսանողների (կուրսանտների) համար կազմակերպել մասնագիտական ուսումնական պարապմունքներ, դասախոսություններ։