ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց ՀՊՄՀ-ի և չինական բուհերի հետ համագործակցության արդյունքները
26.10.2018
Ներկայացվեց ՀՊՄՀ-ի և չինական բուհերի հետ համագործակցության արդյունքները

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման նպատակն էր քննարկել Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության արդյունքները: Ռեկտորը ընդգծեց, որ համագործակցության 5 տարիների ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել համագործակցելու ոչ միայն առարկայական ուսումնական ծրագրերի շրջանակում, այլ նաև իրականացնել ուսուցիչների և ուսանողների փոխանակման ծրագրեր:

Մինչ այժմ ՀՊՄՀ-ի հետ համագործակցությամբ գործնականում հետաքրքրվել են Չինաստանի Հարավարևմտյան և Պեկինի մանկավարժական համալսարանները՝ ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականցման, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման, համատեղ հետազոտական աշխատանքների, հայագիտության և չինագիտության խթանման համար համատեղ ջանքերի, ինչպես նաև կրթական ծրագրերի ստեղծման և կրթական աստիճան ստանալու ուղղություններով:

Ռեկտորն առանձնակի կարևորեց հատկապես «Ամառային դպրոց» միջազգային դպրոց ծրագրին գործընկեր բուհերի ուսանողների մասնակցությունը, որի շրջանակներում հայ և չինացի ուսանողները փոխադարձ այցերով մասնակցել են երկու երկրներում կազմակերպվող միջազգային երիտասարդական ծրագրին:

Խոսելով հատկապես Չոնչինի Հարավարևմտյան համալսարանի հետ համագործակցության մասին՝ Ռուբեն Միրզախանյանը հավելեց, որ բուհի Փիլիսոփայության ֆակուլտետի հրավերով բաց դասախոսություններով հանդես են եկել ՀՊՄՀ-ի Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսորներ Հասմիկ Հովհաննիսյանն ու Ռոբերտ Ջիջյանը:

Ռեկտորն ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանը պատրաստակամ է շարունակել և ընդլայնել հետագա համագործակցությունը: Այդ է վկայում նաև Հայաստանի և Չինաստանի կրթության նախարարությունների և համալսարանների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի ՀՊՄՀ-ում կներդրվի «չինարեն լեզու և մշակույթ» նոր մասնագիտություն:

Դեսպան Թիան Էրլունին բարձր գնահատեց համագործակցության առկա փորձը և հույս հայտնեց, որ կողմերը կվերահաստատեն իրենց պատրաստակամությունը համատեղ նոր ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար: