101 հոգեբան-մանկավարժի հեղինակած 135 գիրք․ Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանը բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրություն էր կազմակերպել, որում ներկայացված էր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ 1930-2022 թվականներն ընդգրկող գիտնականների՝ հոգեբանության ոլորտի գրական հարուստ ժառանգությունը։
Ամենահին գիրքը պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանինն է՝ 1930-ին թվագրված, ամենավերջին հրատարակությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի, Լևոն Սարգսյանի և Ստեփան Նավասարդյանի հեղիանակած «Դատամեթոդական փորձաքննություն» ձեռնարկն է։
Ցուցադրված էին նաև անվանի հոգեբաններ Մկրտիչ Մազմանյանի, Հովսեփ Թութունջյանի, Սերգեյ Արզումանյանի, Կառլեն Ոսկանյանի, Սրբուհի Գևորգյանի, Վլադիմիր Կարապետյանի, Սամվել Խուդոյանի, Մելս Մկրտումյանի, Վազգեն Մարգարյանի, Սուսաննա Փիլոսյանի, Կամո Վարդանյանի, Ալբերտ Նալչաջյանի, Ռուզաննա Պետրոսյանի և հոգեբանության ամբիոնի՝ նախկինում և ներկայումս դասավանդող այլ հեղինակների գրքեր։
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը պատմական ակնարկով ներկայացրեց բուհում հոգեբանական ոլորտի ստեղծման և զարգացման պատմությունը, մասնագիտության ձևավորման ժամանակագրությունը, տարբեր տարիների պրոֆեսորադասախոսական կազմն ու նրանց արգասաբեր գործունեությունը։
Նույն ֆակուլտետի շրջանավարտ, այսօր արդեն ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, հիշեց բոլոր երախտավորներին և բարձր գնահատեց նրանց ավանդը 100-ամյա բուհում գերկարևոր ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման, մանկավաժության և հոգաբանության բարձր ուղենիշ և ամուր հենքեր սերունդներին փոխանցելու համար։
Ռեկտորը չի թաքցնում՝ ոլորտի հսկաների, հոգեբանական դպրոցի հիմնադիրների մոտ ուսանելու տարիներն են ազդել իր անհատականության ձևավորման, ձեռքբերումների և մասնագիտական ոլորտում սեփական ձեռագրաբանության ձևավորման վրա։
Սրբուհի Գևորգյանը մեկդարյա բուհի պատմության մեջ առանձնակի կարևորեց հոգեբանության լաբորատորիայի գործունեությունը, ընդգծելով՝ այսօր էլ այդ առաքելությունը շարունակում է ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կոգնիտիվ-հոգեբանական հետազոտությունների թիմը։
Բուհի ղեկավարը ապագա հոգեբաններին հորդորեց ըստ արժանվույն գնահատել ներկայիս ուսումնառության հնարավորությունները․ կարող են բնագրով ծանոթանալ նշանավոր հեղինակների աշխատություններին, ինքնուրույն կազմել մասնագիտական աճի և զարգացման դիմագիծը․«Ի վերջո, հոգեբանությունը սուբյեկտիվ ընկալումներով պայմանավորված և սուբյեկտիվ նախապատմությունների հիման վրա որոշակի գիտական մոտեցումների համակարգ է, որտեղ յուրաքանչյուրն ունենալու է իր խոսքի հնարավորությունների և ներազդման տարածքը»։
Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանի աշխատանքը՝ ուսանողին անհրաժեշտ մասնագիտական ձեռնարկներով ապահովելու և ֆակուլտետը դրանցով համալրելու գործում։
Ի դեպ, Գիտական գրադարանի կազմակերպած ցուցադությանը ներկայացված էին նաև ՀՊՄՀ-ում 2010-2019 թվականներին կազմակերպված հոգեբանական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» հանդեսի հայերեն և անգլերեն համարները։
ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը նկատում է՝ ցուցադրությունը 100-ամյա պատմության ընդհանրացումն է, ժամանակատված, որի ընթացքում կայացավ Մանկավարժական համալսարանն ու այստեղ ձևավորված տարբեր ուղղություններ։
Պրոֆեսոր Կամո Վարդանյանը ներկայացված աշխատություններն ուսումնասիրելիս նկատել է՝ ժամանակին մեր երկրում հոգեբանական միտքը, գիտությունը ինտրադուկցված է եղել․ հետագայում, նաև Մանակավարժականում աշխատող անվանի հոգեբանների շնորհիվ, այն ենթարկվել է էքստրադուկցիայի։
Կամո Վարդանյանը կարևոր համարեց նաև ներկայացված աշխատություների բազմաթեմայնությունն ու բազմաոլորտայնությունը։
Պրոֆեսորն ընդգծում է՝ Մանկավարժական համալսարանը մեծագույն ավանդ է ունեցել հոգեբանական ազատ մտքի ձևավորման, զարգացման գործում և 100-ամյա պատմության մեջ իր համար առանձնացնում է հոգեբանական մտքի 4 սերունդ, որի 3-րդ ներկայացուցիչներից մեկն էլ ինքն է։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանը վստահեցրեց՝ իր ղեկավարած կառույցը չի սահմանափակվի եղածով․մինչև տարեվերջ պատրաստ կլինեն նոր ձեռնարկներ, որոնք հոգեբանության ոլորտում կունենան իրենց ուրույն տեղը։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը նկատում է՝ ժամանակն է, որ բազմաճյուղ ոլորտում ստացած ժառանգության հիման վրա Մանկավարժականը լինի գիտական քննարկումների հարթակ։ Նա վստահ է՝ ժամանակն է գնալ ապացուցողական հոգեբանության․ աշխարհն այսօր այդ է թելադրում։
Ելույթ ունեցան Կիրառական հոգեբանության, Հոգեբանության ամբիոնների վարիչի պաշտոնակատարներ Մարիաննա Ավետիսյանն ու Լևոն Սագսյանը։ Վերջիններս բարձր գնահատեցին իրենց նախորդների ղեկավարման տարիները և ոլորտի զարգացման գործում կարևոր համարեցին համատեղ, թիմային աշխատանքը։
Հոգեբանության ֆակուլտետի առաջին շրջանավարտներից է նաև Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանը։ Վերջինս նկատում է՝ հոգեբանության և մանկավարժության խաչմերուկում է հայտնվել․ պատիվ է ունեցել ուսանելու հոգեբանական գիտության մի շարք երախտավորների։
Հակոբ Թադևոսյանն անգնահատելի է համարում նաև հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի անգնահատելի դերը՝ պետական կառավարման, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության ոլորտում հոգեբանական բաղադրիչի ներդրման առումով․«Հոգեբանի մասնագիտությունը ոչ միայն ապահովում է մասնագիտական գիտելքիներով և կարողություններով, այլև պատրաստում է անձին կյանքում ակտիվ կենսագործելուն և աճին»։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը նկատում է՝ ուսանելիս չի գնահատել հոգեբանական գիտության կարևորությունը, առարկան, խորքը, մարդու ներաշխարհ թափանցելու կարևորությունը։ Այնինչ, հռոմեական դպրոցի հիմքում ևս աշակերտ-հոգեբանություն սերտ կապն է։
Լեզվաբանը փաստում է՝ լեզվի ծագման հիմքում հոգեբանությունն է, իսկ հոգեբանությունը մեծ սնունդ է տալիս լեզվաբանությանը։ Դրա վկայությունն են նաև հոգեբանության ոլորտում մի շարք ճյուղերի և տեսությունների հիմնումը։
Ամփոփելով միջոցառումը, Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն այն յուրատեսակ բաց դաս համարեց, որն ուսանողներին կտա որոշակի գիտելքիներ և կօգնի հետագա ուսումնական գործընթացում. այդ մասին փաստեցին նաև ուսանողներն իրենց ելույթներում։