Մանկավարժական համալսարանում մեկնարկեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանի հանդիպումը բուհի պրոֆեսորդասախոսական կազմի հետ։
Աշխատանքային հանդիպումների նպատակն է ներկայացնել Գիտական խորհրդով հաստատված ՀՊՄՀ-ի բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման նոր կարգերը, թեմայի ընտրության և հաստատման, աշխատանքի կառուցվածքի, ձևավորման պահանջների, ղեկավարման, պաշտպանության վերաբերյալ մանրամասներ։
Ինչպես հանդիպման սկզբում նկատեց պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը՝ վաղուց ժամանակն է ճիշտ գնահատել և հասկանալ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները․դա ժամանակի պահանջն է և ուսանողի հանդեպ բուհի պատասխանատվությունը՝ որակական տեսանկյունից։
Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ Մանկավարժականում կրթում են ապագա սերունդներ կրթողներին․ եթե այսօր չբարձրացնենք մեր առջև դրված պահանջները, վաղը լուրջ խնդիրների կհանդիպենք։
Նա ընդգծեց՝ 5 տարվա հետազոտություններն ու կատարած ուսումնասիրություններն են ստիպել անցում կատարել նոր ձևաչափի, հաստատել նոր կարգեր․ համոզված է՝ դրանք հնարավորություն կտան առավել հեշտացնել գործընթացը, կնպաստեն արդյունավետ աշխատանքի իրականացմանը, ուսանողի ինքնուրույնությանը, վերլուծականությանը, կբերեն կրթության բարձր որակ։
Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ պետք էտարբերակել բակալավրիատում և մագիստրատուրայում հանձնարարվող աշխատանքների պահանջները․եթե մի դեպքում գործ ունենք գիտական հետազոտության հետ, ապա բակալավրիատում ուսանողը նոր է սովորում փոքրիկ հետազոտություն կամ այս դեպքում՝ ուսումնասիրություն անելու հնարքները։
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը վստահեցնում է՝ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման նոր կարգի պահանջներին հետևելը հնարավորություն կտաաշխատանքի ավարտին ունենալ պատրաստի հոդված՝ միջազգային պարբերականներում տպագրվելու հեռանկարով։
Հանդիպման ընթացքում ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը մանրամասնեց ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի համար ներկայացվող կառուցվածքային և բովանդակային պահանջները, տարբերությունները, այդ թվում՝ներածության, հիմնախնդրի վերաբերյալ գիտական աղբյուրների վերլուծության, հետազոտությանմեթոդաբանության, արդյունքների, ամփոփման, եզրակացությունների, քննարկման,առաջարկությունների, օգտագործված գրականության ցանկի վերաբերյալ մանրամասներ։
Բանախոսը նկատեց՝ բովանդակային առումով փոփոխությունները համապատասխանեցվել են նմանատիպ աշխատանքերի միջազգային պահանջներին, այդ առումով նորարարություն է նաև շնորհակալական խոսքի հատվածը։
Հակոբ Թադևոսյանն իր խոսքում ընդգծեց հիմնախնդրի սահմանման և արդիականության անհրաժեշտությունը՝ նկատելով՝ դրանք արտացոլված են համապատասխան կարգերի առկա պահանջներում, ըստ որի, թեման պետք է լինի արդիական, համապատասխանի մասնագիտական կրթական ծրագրի պահանջներին, ՀՀ-ի ՈԱՇ-ի 6-րդ և 7-րդ մակարդակներին:
Բանախոսներն իրենց ելույթներում նշեցին՝մասնագիտություններից և ոլորտից ելնելով կլինեն առանձնահատկություններ, սակայն, ներկայացվող աշխատանքները պետք է արտացոլեն մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռքբերած գիտելիքները կիրառելու, վերլուծելու, ուսումնասիրություն կատարելու և ներկայացնելու կարողությունները, մասնագիտական խնդիրների լուծումներ առաջադրելու նրանց հմտությունները։
Հանդիպմանը կարևորվեց նաև դասավանդվող «Հետազոտական մեթոդաբանություն» առարկայի շրջանակներում ներկայացվող նյութի բովանդակության վերանայումն ու դրա համապատասխանեցումը ներկայացված պահանջներին։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, գործընթացի վերաբերյալ եղավ հարց ու պատասխան։
Նշենք, որ թեմայի շուրջ հանդիպումներ կլինեն նաև այլ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի հետ։