Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի խորհրդի նիստում քննարկվեց ԿԳՄՍ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ֆակուլտետում գործող գիտական երկու ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների ընթացքը, ներկայացվեցին արդյունքները։
Նիստին մասնակցում էին նաև ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը, ռեկտորի խորհրդական Հասմիկ Սարգսյանը:
Հաշվետու զեկուցումներով հանդես եկան Կենսաբանական ակտիվ միացությունների ուսումնասիրման և կենսաանվտանգության գիտական լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը և էկոլոգիական մոնիթորինգի և գնահատման գիտական լաբորատորիայի ղեկավար կենսաբանական գիտությունների դոկտոր Վարուժան Հովհաննիսյանը:
Զեկուցողները ներկայացրին գիտական ծրագրերի շրջանակներում իրականացվող հետազոտությունների կարևորությունը, արդիականությունը, մեթոդաբանությունը, ստացված արդյունքներն ու դրանց վերլուծությունները, ինչպես նաև համագործակցությունը տեղի և միջազգային գործընկեր հեղինակավոր գիտական կառույցների հետ: Ներկայացվեց նաև հետազոտությունների արդյունքներով հրատարակված գիտական հոդվածների և զեկուցումների ցանկը:
Զեկույցների ավարտին ծավալվեց բովանդակային և արդյունավետ գիտական քննարկում: Բանախոսները պատասխանեցին բարձրացված հարցերին:
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն արժևորեց կատարված աշխատանքները և կարևորեց նման քննարկումների շարունակականությունը: Աշոտ Խոեցյանը նշեց, որ նման քննարկումները մեծապես կնպաստեն ամբիոններում և ֆակուլտետներում իրականացվող գիտական հետազոտությունների պատշաճ լուսաբանմանը: