ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպել էր սեմինար, որի ընթացքում դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Անահիտ Ենոքյանն ամբիոնի դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին ներկայացրեց միջազգային կրթաթոշակի մրցույթի շրջանակներում կատարած աշխատանքներն ու դրա արդյունքները:
Անահիտ Ենոքյանը անցնող տարվա մայիսի 1-ից օգոստոսի 31-ը «Բարոյական և քննադատական կրթության իրականացումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում» թեմայով հետազոտական աշխատանք է իրականացրել Ավստրիայի Կլագենֆուրտի համալսարանում:
Զեկուցողը նախ ծանոթացրեց կրթաթոշակին դիմելու, հաջողություն ունենալու պայմաններին, ապա անդրադարձավ Կլագենֆուրտի համալսարանի կառուցվածքին, ռազմավարությանը` մանրամասն ներկայացնելով կրթական երեք աստիճաններում մաթեմատիկայի ուսուցիչների պատրաստման ընթացակարգը:
Այնուհետև Անահիտ Ենոքյանն անդրադարձավ հետազոտությանը, որի հարցերը հիմնականում վերաբերում էին մաթեմատիկական կրթության արժեբանության ոլորտին, քննադատական և ներառական մաթեմատիկական կրթությանը: Նա ներկայացրեց այս ուղղություններում կատարված հիմնական աշխատանքները` զուգահեռներ անցկացնելով իր կատարած հետազոտության հետ։ Սեմինարի ավարտին Անահիտ Ենոքյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Նշենք, որ բացի իրականացրած հետազոտությունից, դասախոս Անահիտ Ենոքյանը Ավստրիայի Կլագենֆուրտի համալսարանում մասնակցել է նաև համալսարանում կազմակերպված սեմինարներին, ուսումնական խմբակներին, հնարավորություն ունեցել հանդես գալ զեկույցով: Հետազոտության ավարտից հետո Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը և Անահիտ Ենոքյանը նույն համալսարանում մասնակցել են «Մաթեմատիկական կրթություն և հասարակություն 11» միջազգային առցանց գիտաժողովին։