Լույս է տեսել ՀՊՄՀ-ի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինե Միքայելյանի հեղինակած՝ «Հոգեբանամանկավարժական հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ» ուսումնամեթոդական ձեռնարկը:
Ձեռնարկում ներկայացված են հոգեբանամանկավարժական գիտահետազոտական աշխատանքի մեթոդաբանությունը, հետազոտության պլանավորման և իրականացման տրամաբանությունը, հետազոտության տեսական և փորձարարական մեթոդները, ինչպես նաև դիտման, գիտափորձի, հարցման, թեստավորման, հետազոտական տվյալների մշակման մեթոդների տարատեսակներն ու կիրառման առանձնահատկությունները։
Գրքում պարզաբանվում են նաև գիտական աշխատանքի ձևակերպմանը, գրախոսմանը և պաշտպանությանը ներկայացվող պահանջները, գիտական հաղորդումների ձևերը։
Ձեռնարկը նախատեսված է հոգեբանի և մանկավարժի մասնագիտացում ստացող ուսանողների, մագիստրոսների, հոգեբանության և մանկավարժության ամբիոնների հայցորդների, ասպիրանտների, դասախոսների, կրթական ոլորտում ինքնուրույն հետազոտական աշխատանք իրականացնող մանկավարժների համար:
Հեղինակի խոսքով՝ մանկավարժական բուհերում ուսանողները ռեֆերատներ, ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր գրելիս իրականացնում են հոգեբանամանկավարժական հետազոտական աշխատանք։
«Երիտասարդ մասնագետները պետք է տիրապետեն հետազոտության ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական մեթոդներին, վերլուծեն և ընդհանրացնեն ստացված տվյալները, մշակեն առաջարկներ և հանձնարարականներ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարինե Միքայելյանն ու հավելեց, որ հետազոտական կարողությունների, փորձարարական աշխատանքի կազմակերպման, մեթոդների կիրառման և ստացված արդյունքների մեկնաբանման հնարների տիրապետումն ապագա հոգեբանների ու մանկավարժների մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտ և պարտադիր պայմաններից է։
Կրթական ոլորտում բազմաթիվ մանկավարժ-հոգեբաններ և ուսուցիչներ գիտահետազոտական աշխատանքներ են կատարում, և Մարինե Միքայելյանի կարծիքով՝ մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է տեսական և մեթոդաբանական գիտելիքների բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստեն։