ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայասատանյան գրասենյակի աջակցությամբ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորների՝ այսօր մեկնարկած դասախոսություններով սկիզբ դրվեց երկու բուհերի համագործակցության:
Երկու տարի տևողությամբ համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել դասախոսների փոխադարձ այցելություններ, դասախոսություններ, փորձի փոխանակում:
Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորներ Բրայան Աբերին, Ռենատա Տիչան և Սյուզան Օՙքոները Հատուկ կրթության ֆակուլտետում ձևավորված խմբի հետ համատեղ աշխատանքներում կանդրադառնան ֆակուլտետում դասավանդվող ներառական և նեղ մասնագիտական առարկաների բովանդակությանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ֆակուլտետի կազմում առաջիկայում ներառական կրթությանն աջակցող լաբորատորիայի հիմնական տեխնիկական հարցերին:
Մինչ դասախոսությունների մեկնարկը, պրոֆեսորներն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում ունեցան ֆակուլտետի՝ ծրագրում ներառված դասախոսների հետ, քննարկեցին առաջիկա 2 շաբաթների, իսկ պրոռեկտորների հետ՝ համագործացության 2 տարիների անելիքներն ու ծրագրերը:
Այցի ընթացքում հյուրերը հանդես կգան դասախոսություններով, կանդրադառնան ներառական կրթության ամերիկյան համակարգին, հատուկ մանկավարժությանն ու հոգեբանությանը և մասնագիտական այլ ոլորտներին: Դրան կհաջորդի հոկտեմբերի 13-ին նախատեսված «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» միջազգային աշխատաժողովը՝ որպես երկու համալսարանների համագործակցության պաշտոնական մեկնարկ:
Ի դեպ, դասախոսություններին մասնակցում էին ոչ միայն բուհի ուսանողներն ու դասախոսները, այլև հատուկ կրթության ոլորտի տարբեր հաստատությունների, ներառական կրթություն իրականացնող դպրոցների ներկայացուցիչներ:
Նշենք, որ հոկտեմբերի 4-14-ը Հատուկ կրթության ֆակուլտետում դասախոսություններով հանդես են գալիս ԱՄՆ Կալիֆորնիայի, Մինեսոտայի համալսարանների պրոֆեսորները, ինչպես նաև Լիոնի նյարդաբանական կլինիկայի լոգոպեդները: Մուտքն ազատ է: Դասախոսությունների ժամանակացույցին և թեմաներին ծանոթացեք ստորև: