Մանկավարժական համալսարանի և «Չտեսնող, չլսողների աջակցության հիմնադրամ»-ի (Фонд поддержки слепоглухих «Со-единение») միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Այն երկու կառույցներին հնարավորություն է ընձեռում համագործակցել դասախոս-մասնագետների փոխանակային ծրագրերի, օնլայն դասընթացների, մասնագետների դասախոսությունների, հետագայում նաև լաբորատորիա կամ աջակցության կենտրոն ստեղծելու ոլորտներում:
Լսողության և տեսողության խանգարումների ու բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքներին աջակցության տրմադրման շրջանակներում կիրականացվեն փորձի փոխանակում, նորարարական, ախտորոշիչ, հոգեբանամանկավարժական ծրագրեր և տեխնոլոգիաներ, կմշակվեն օժանդակության տրամադրման ժամանակակից ձևեր և մոդելներ:
Հիմնադրամի ներկայացուցիչները՝ կառույցի նախագահ Դմիտրի Պոլիկանովի ղեկավարությամբ, ՀՊՄՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկեցին հետագա համագործակցության ուղղություններն ու ձևերը:
Դմիտրի Պոլիկանովը վստահ է, որ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը շատ դինամիկ և արդյունավետ կլինի, ինչպես նաև օգտակար և´ դասախոսների, և´ ուսանողների համար: Նա անդրադարձավ նաև եվրոպական և ամերիկյան համալսարանների հետ հիմնադրամի համագործակցությանը, դրանց արդյունքներին և մի շարք ծրագրերի:
Նա խոսեց նաև ամեն տարի անցկացվող մագիստրոսների գիտաժողովի և իրենց կողմից կազմակերպվող «Ամառային դպրոց» ծրագրի մասին և ցանկություն հայտնեց այս շրջանակներում ևս սերտորեն համագործակցել:
Հիմնադրամի ներկայացուցիչներին հյուրընկալեց նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ներկայացնելով համալսարանի միջազգային համագործակցությունը՝ հույս հայտնեց, որ նոր սկիզբ առնող գործընկերությունը ևս կնպաստի հատուկ կրթության ոլորտի մասնագետների առաջընթացին:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանն old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ համագործակցությունը սկիզբ է առել հիմնադրամի կազմակերպած ամենամյա գիտաժողովներին իրենց մասնակցությունից:
«Քննարկել ենք երկուստեք մեզ հետաքրքրող հարցերը՝ հատկապես չտեսնողների և չլսողների բազմակի խանգարումների շուրջ խնդիրները, որոնք մեր երկրում քիչ են լուսաբանված և ուսումնասիրված: Սա լավագույն հնարավորություններից է վեր հանել ոլորտի խնդիրները, մասնագիտական փորձի փոխանակում իրականցնել և հասնել դրանց լուծմանը»,- նշեց Թերեզա Ազատյանը: