ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր համագործակցություն հատուկ կրթության ոլորտում
25.03.2016
Նոր համագործակցություն հատուկ կրթության ոլորտում

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (Uincef) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային, Կրթական ծրագրերի պատասխանատու Տիգրան Թովմասյանին և Կրթական ծրագրերի օգնական Արմինե Տեր-Ղևոնդյանին:

Բուհի ռեկտորն ուրախությամբ նկատեց, որ կողմերն ունեն ձևավորած համագործակցություն, իսկ բուհի Հատուկ կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան կազմակերպության աջակցությամբ անցկացված «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտագործնական գիտաժողովի մասին լուրջ արձագանքն ու հաջողությունը հաստատում են՝ համագործակցությունը լուրջ պոտենցիալ ունի:

Տանյա Ռադոչայը ևս վստահեցրեց՝ համագործակցությունը կշարունակվի.«Երկուստեք աշխատում ենք Հայաստանի սերնդի ապագան կերտելու համար. դուք ապահովում եք նրանց մանկավարժական կրթությունը, իսկ մենք՝որոշակի ծրագրերով ունենում մեր ներդրումը»,-նշեց նա և հավելեց՝ ներառական ոլորտում ունեցած գործընկերությունն ու Հայաստանի գրանցած առաջընթացը ստիպում են այս փուլում մտածել որակյալ ներառական կրթության ներդրման մասին:

Ներկայացուցիչն ընդգծեց, որ թեպետ երեխաների դաստիարակությանն առավելապես մասնակցում են ծնողները, սակայն պակաս կարևոր չէ նաև ուսուցչի դերը, ով մասնագիտանում է այս բուհում, իսկ համատեղ ամենօրյա աշխատանքը կտա ցանկալի արդյունք:

Ներկայացնելով 2016 թվականի հունվարին մեկնարկած 5-ամյա նոր ծրագիրը՝ Տանյա Ռադոչայը ընդգծեց, որ դրանում առանցքային է կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հիմնախնդիրները, իսկ համայնքներում նրանց ներառումը հնարավոր չէ առանց ներառական դպրոցների ներդրման.«Մեր հիմնական նպատակն է աջակցել Մանկավարժական համալսարանին ներառական կրթության ոլորտում սեփական փորձառության բարելավմանը, այդ փորձի տարածմանն այլ շրջանակներում, ինչպես նաև ներկայումս իրականացվող բարեփոխումների մանկավարժահոգեբանական ռեսուրս կենտրոնների հետ համագործակցությանն ու աջակցությանը»:

Անդրադառնալով բուհին ցուցաբերվող աջակցությանը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (Uincef) ներկայացուցիչն ընդգծեց, որ այն երկու ասպեկտ ունի.մի կողմից ուղղակիորեն համագործակցություն Մանկավարժական համալսարանի հետ, մյուս կողմից՝ համալսարանի կապերի ամրապնդում արտասահմանյան առաջատար համալսարաններից մեկի հետ:

Հյուրը նկատեց, որ կառույցն այս առումով ցանկանում է նպաստել երկրին, որտեղ լավագույն դիրքում Մանկավարժական համալսարանն է:

Ռուբեն Միրզախանյանը զրույցի ընթացքում ընդգծեց, որ բուհը ուսումնագիտական միակ կենտրոնն է, որ զբաղվում է հատուկ կրթությամբ, սակայն անկեղծացավ՝ նշելով, որ ոլորտում առկա են բացթողումներ, ինչը մեծ մասամբ արտահայտում է հանրապետության ընդհանուր վիճակը: Ռեկտորը նշեց, որ բուհին հաջողվել է արտերկրի համապատասխան կենտրոնների հետ հաստատել որոշակի կապեր, իսկ առկա խնդիրներից առանձնացրեց թեմայի վերաբերյալ հասարակության տարակարծությունը, երկրի առանձնահատկություններին կարևորություն չտալը, անկախության տարիներին նախադպրոցական հաստատությունների դերի նվազումը:

Կողմերը քննարկեցին Մանկավարժական համալսարանի և ԱՄՆ-ի Մինիսոտայի համալսարանի հետ առաջիկա համագործակցությունը.բուհի ռեկտորը կանխատեսեց, որ այն առավել արդյունավետ կլինի:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (Uincef) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ընդգծեց, որ առաջիկա համագործակցությունը տարիներ կպահանջի՝ ցանկալի արդյունք ստանալու համար.կրթությունը միակ գործիքն է, որ երկիրն առաջ է տանում, շատ կարևոր է մատչելի և որակյալ կրթական համակարգը: Քայլ առ քայլ, սակայն արդյունավետ աշխատանք՝ նկատեց ռեկտորը:

Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը գոհունակություն հայտնեց գործընկերության վերաբերյալ և հույս հայտնեց, որ Մինիսոտայի համալսարանի հետ համագործակցությունը նեղ մասնագիտական և բովանդակային առումով լուրջ փոփոխություն կլինի:

Նշենք, որ համագործակցության շրջանակներում ֆակուլտետի դասախոսները կվերապատրաստեն Սյունիքի մարզի ներառական դպրոցների և հոգեբանակամանկավարժական կենտրոնների բազմամասնագիտական թիմերին, կվերնայվեն դասավանդվող առարկաները, կկատարվեն համապատախան փոփոխություններ և լրացումներ: