Մանկավարժական համալսարանը Շվեյցարիայի Լյուցերնի համալսարանում գործող Առողջապահության համաշխարհային համակարգերի վերականգնողական կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է նոր ծրագիր։
Կառույցը Եվրոպայի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) (WHO & WHO-EURO) առանձին ստորաբաժանում է։ Մանկավարժական համալսարանը ծրագրում ներգրավվել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ուղղորդմամբ։ Ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանը կիրականացնի հետազոտական աշխատանք «Առողջ ծերացման» ոլորտում:
Այսօր կայացած առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ընդհանուր դրույթներն ու սահմանվեց ժամանակացույց գործողությունների պլանի իրականացման համար:
Ծրագրի տևողությունը երկու տարի է, որի ընթացքում կլինեն բաց քննարկումներ և կիրականացվեն շվեյցարացի գործընկերների այցեր Մանկավարժական համալսարան՝ հայաստանյան ոլորտը ուսումնասիրելու նպատակով:
Ծրագիրը նվիրված է Եվրոպայի հռչակած «Առողջ ծերացման տասնամյակ»-ին։ Այն հնարավորություն է տալու կատարել հետազոտական լայնածավալ աշխատանք, ինչպես նաև նախապատրաստվել Հայաստանում «Առողջ ծերացման» գաղափարը վերականգնելու և նախադրյալներ ներդնելու համար։ Այն ամբողջովին հիմնվում է ԱՀԿ նպատակային դիրքորոշումների և ռազմավարության վրա՝ սատարելով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աշխատանքներին: