ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր զարգացումներ՝ հատուկ և ներառական կրթության ոլորտում
15.11.2021
Նոր զարգացումներ՝ հատուկ և ներառական կրթության ոլորտում

Նոյեմբերի 12-14-ը Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն առաջին անգամ մասնակցեց «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում հավելյալ և այլընտրանքային հաղորդակցման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովի նպատակն էր հնարավորություն ընձեռել շփման և հաղորդակցման խնդիրներ ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև վերջիններիս հետ աշխատող մասնագետներին գիտագործնական տեսանկյունից ներկայացնել վերջիններիս կատարած աշխատանքն ու ծրագրերը:

Այս տարի գիտաժողովն անցկացվեց առցանց ձևաչափով. կազմակերպիչ երկիրը Բուլղարիան էր (Սոֆիա), որին մասնակցում էր 33 երկրի 500 ներկայացուցիչ:

Ի դեպ, գիտաժողովի հիմնադիր խորհրդի որոշմամբ 2023 թվականին գիտաժողովը կանցկացվի Հայաստանում՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Նախկինում համաժողովն անցկացրել է Չեխիան, Հունգարիան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Ուկրաինան։

Նոյեմբերի 15-ին՝ գիտաժողովի հանդիսավոր փակման ժամանակ, պաշտոնապես բարձրացվեց ՀՀ դրոշը, գիտաժողովի դրոշն էլ հանձնվեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին։

«Նման լայնամասշտաբ գիտաժողով կազմակերպելն ու մեր բուհում անցկացնելը մեծ պատիվ է. արդենիսկ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները՝ գիտաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարիաննա Հարությունյանը:

«Արևելյան և Կետրոնական Եվրոպայի տարածաշրջանում հավելյալ և այլընտրանքային հաղորդակցման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 1997 թվականին:

Ամեն տարի գիտաժողովին միանում են նոր երկրներ. այն անցկացվում է տարին մեկ անգամ՝ աշխարհի տարբեր երկրներում: