Արաբական, հունական, չինական մշակույթի նորաձևության միտումներից մինչև հայկական նորաձևություն և փարաջանովյան երանգներ հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական ցուցադրությանը:
«Նախաճաշ Տիֆոնիի մոտ», «Ավտոշքերթ», «Վեներայի ծնունդ», «Գառնի», «Գեղարդ», «Կլեոպատրա թագուհի», «Փառանձեմ թագուհի», «Հոգու լույս», «Կյանք ու կռիվ», «Ախթամար», «Հայի աչքեր, «Էլեգիա» և այլն. Մանկավարժական համալսարանի Ալեք Մանուկյան 13 հասցեում կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Հագուստի մոդելավորում» բաժնի ուսանողների ավարտական որակավորման քննությունը:
Այն այս անգամ էլ առանձնահատուկ էր և դեֆիլեի ձևաչափով՝ նորաձևության բոլոր կանոններին համապատասխան: Ապագա 25 երիտասարդ մոդելավորող իր առաջին քայլն արեց նորաձևության պրոֆեսիոնալ հարթակում.90 կերպար, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի գաղափար, ոճ, ինքնություն՝ ստեղծված կրթության ճանապարհի, փորձի ու ստեղծագործ մտքի արդյունքում:
Ցուցադրմանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր, ոլորտի մասնագետներ, նորաձևության սիրահարներ: «Մեզանում արդեն ավանդույթ է դարձել այս մասնագիտությամբ սովորող ուսանողների աշխատանքների ցուցադրությունը կազմակերպել Մանկավարժական համալսարանի բակում։ Սա առաջին իսկական փորձությունն է մեր ուսանողների համար, որոնք հնարավորություն ունեն շենքային պայմաններից դուրս հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները, տաբեր գործվածքների հետ աշխատելու հմտությունները, տեխնիկան, դրանք համադրել տարատեսակ կտորների, գործվածքների հետ»,-նշեց ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ու շնորհակալություն հայտնեց ուսանողներին, ինչպես նաև ավարտական կուրսերի ղեկավարներին՝ նորաձևության աշխարհում հայտնի մոդելավորողներ Արամ Նիկոլյանին և Հռիփսիմե Մարոնյանին: Ճարտարապետական, գեղագիտական լուծումներ, գույների ու ոճերի գեղեցիկ համադրություն.ուսանողներից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրը տարբեր էր, տարբեր էին ստեղծագործական մոտեցումներն ու մտահղացումները, ինչը յուրահատուկ կերպով ընդգծվեց երաժշտական ձևավորման և հավաքածուները ներկայացնող ուսանող-շրջանավարտների, ինչպես նաև հրավիրյալ պրոֆեսիոնալ մոդելների շնորհիվ: Արցախը ներկայացնող հավաքածուն՝ մուգ վարդագույնի և սևի խորհրդանշական համադրությամբ էր: Ցուցադրությանը ներկա ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ուսանողներին՝ գնահատելով ոչ միայն ընտրած թեմաներով ցուցադրությունը, այլև տվյալ արվեստի ոլորտում ցուցաբերած որակներն ու գործնական արդյունքները։ Բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ հետագայում շրջանավարտներից շատերի անունները կփայլեն համաշխարհային նորաձևության ոլորտում՝ փառք և պատիվ բերելով Հայաստանին և Մանկավարժական համալսարանին:
Նախաձեռնությունը բարձր գնահատեց նաև ոլորտի ճանաչված մասնագետներից Կարինե Դնոյանը։ Նա հատկապես ընդգծեց ցուցադրության նախապատրաստական աշխատանքները, ցուցադրության վիզուալ ներկայացումը, ընտրված թեմաները: Նորաձևության ոլորտի մասնագետը նաև որոշ դիտարկումներ արեց և նշեց՝ առաջիկայում կրկին կանդրադառնա ներկայացված գործերին՝ ուշադրություն դարձնելով նյութի որակին, կարին, կոնստրուկցիաներին և այլն։
Մասնագիտական հանձնաժողովը ամբողջ ընթացքում հետևեց ցուցադրությանն ու անաչառ գնահատեց յուրաքանչյուր աշխատանքը: